Ջո Բայդենի վարչակազմը շտապում է կանխել երկաթուղային գործադուլը, որը, ինչպես կարծում են Սպիտակ տան պաշտոնյաները, կարող է լուրջ վնաս հասցնել տնտեսությանը եւ թուլացնել դեմոկրատներին 2022-ի միջանկյալ ընտրությունների նախաշեմին։

CNBC-ի փոխանցմամբ՝ երկաթուղային փոխադրողները եւ երկու արհմիություններ բանակցություններ են վարում արձակուրդի եւ հիվանդության նպաստները նոր պայմանագրով ավելացնելու համար եւ պետք է գործարքը կնքեն մինչեւ ուրբաթ, նախքան արհմիությունները գործադուլ կհայտարարեն, հաղորդում է CNBC-ն:

Անանուն աղբյուրները պարբերականին հայտնել են, որ Սպիտակ տան պաշտոնյաները շտապ հանդիպումներ են անցկացնում՝ հնարավոր գործադուլը քննարկելու համար, ինչպես նաեւ նախազգուշացնում են այն վնասի մասին, որ այն կարող է հասցնել դեմոկրատներին նոյեմբերի ընտրությունների ժամանակ:
Ըստ The Washington Post-ի՝ տրանսպորտի նախարար Փիթ Բութիջիչը նրանցից մեկն է, ովքեր փորձում է գործարք կնքել երկու կողմերի միջեւ՝ գործադուլը կանխելու համար:

ԱՄՆ Առեւտրի պալատի նախագահ եւ գործադիր տնօրեն Սյուզան Քլարկը հայտարարել է, որ գործադուլն «աղետալի տնտեսական հետեւանքներ» կունենա: «Ազգային երկաթուղային գործադուլը տնտեսական աղետ կլինի. ապրանքների հոսքի սառեցում, խանութների դատարկում, աշխատատեղերի փակում եւ գների բարձրացում ինչպես ընտանիքների, այնպես էլ ձեռնարկությունների համար, բայց դա այն է, ինչ հենց դա, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա առավելագույնը չորս օրից,- ասել է նա:- Եթե միջոցներ չձեռնարկվեն, երկրում երկաթուղային հաղորդակցությունը կդադարի, եւ դրա բացասական հետեւանքները թերագնահատել չի կարելի»։

ԱՄՆ Առեւտրի պալատի՝ Կոնգրեսի ղեկավարներին ուղղված նամակում պալատի գործադիր փոխնախագահ Նիլ Բրեդլին նախազգուշացրել է, որ գործադուլի դեպքում տնտեսությունը կարող է օրական 2 միլիարդ դոլար կորցնել: Գնորդները կզգան բեռը գների աճի եւ դեֆիցիտների պատճառով: