Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից թողարկված 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամը նվիրված է Միշել Պլատինիին: Հուշադրամը թողարկվել է «Համաշխարհային ֆուտբոլի արքաները» միջազգային դրամագիտական ծրագրի շրջանակում:

Հայաստանի ԿԲ լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հուշադրամի դիմերեսի վերեւի կիսաշրջանում պատկերված է «KINGS OF FOOTBALL» մակագրությամբ եզրապատված արքայի թագ, որը պահպանվում է երկու առյուծների կողմից, իսկ ներքեւի կիսաշրջանում` ֆուտբոլի գնդակ եւ հուշադրամի անվանական արժեքը` «100 ԴՐԱՄ»: Դիմերեսի եզրաշուրթով տեղադրված են «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները: Անվանական արժեքի եւ «REPUBLIC OF ARMENIA» մակագրության միջեւ ՀՀ զինանշանն է եւ հուշադրամի թողարկման տարեթիվը «2011»:

Հուշադրամի դարձերեսին Ֆրանսիայի ազգային դրոշի գույների ֆոնի վրա, որը ֆուտբոլի գնդակի հետ միասին ստեղծում է գիսաստղի պատկեր, տեղադրված է Միշել Պլատինիի լուսանկարը: Լուսանկարի ներքեւի մասում Միշել Պլատինիի ստորագրությունն է, իսկ վերեւի մասում` «MICHEL PLATINI» գրառումը:

Հուշադրամը թափանցիկ պատիճով եւ իսկության հավաստագրով, տեղադրված է տուփի մեջ: Էսքիզների հեղինակն է Քշիշտոֆ Սոկոլը: Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:

Հուշադրամի բնութագիրը.

Անվանական արժեքը` 100 դրամ

Մետաղը եւ հարգը` արծաթ, 9250 + 50

Զանգվածը` 28,28 + 0,25 գ

Տրամագիծը` 38,61 + 0,15 մմ

Որակը` պրուֆ

Դրամաշուրթը` հարթ

Տպաքանակը` մինչեւ 20 հազար հատ