Այսօր` օգոստոսի 30-ին Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի է ունեցել հեծանվային մայրուղու նոր հատվածի բացման տոնական արարողությունը, հաղորդում է «Նովոստի Գռուզիան»:

Արարողությանը մասնակցել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին` իր որդիների` Էդուարդի ու Նոկոլոզի, ինչպես նաեւ կնոջ` Սանդրա Ռուլովսի հետ:

Նախագահի աշխատակազմի պաշտոնական կայքի փոխանցմամբ, նրանք հեծանիվով կտրել են երեք կիլոմետր: Նախագահի ընտանիքին ուղեկցել են տեղի դեռահասները:

Հետագայում հեծանվային ուղու երկարությունը կհասցվի 40 կմ-ի: Ինչպես լրագրողներին հայտարարել է Սահակաշվիլին, նմանատիպ հեծանվային մայրուղիներ կկառուցվեն նաեւ երկրի այլ քաղաքներում` Թբիլիսիում, Ռուսթավիում, Կախեթիի ու Սամեգրելոյի տարածաշրջաններում:

Քութայիսի այցելության ժամանակ, երկրի նախագահն եղել է նաեւ քաղաքի շինհրապարակներում: Մասնավորապես, այցելել է խորհրդարանի նոր շենքի շինհրապարակ, որը պատրաստ կլինի 2012-ին: