«Գազպրոմ Նեֆթ»-ը նավթ չի մատակարարի այն պետություններին, որոնք նավթի գնի առաստաղ կսահմանեն, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հաղորդելով, որ այս մասին լրագրողներին հայտնել է ընկերության ղեկավար Ալեքսանդր Դյուկովը։
Նրա խոսքով, նավթի գինը երկար ժամանակ եղել է բարելի դիմաց 80-ից 100 դոլարի սահմաններում։
«Երկարաժամկետ հեռանկարում, հավանաբար, այն կտատանվի 80-ից 100 դոլարի սահմանում»,- ասել է նա։
Նա նաեւ նշել է, որ «Գազպրոմ Նեֆթ»-ը, հարկային բեռի ավելացման պատճառով, դեռեւս չի նախատեսում վերանայել ներդրումային ծրագրերը եւ ակնկալում է, որ 2023-ից 2025 թվականներին արդյունաբերությունից հարկաբյուջետային դուրսբերումների ավելացումը չի ազդի ընկերության զարգացման վրա։ Հարկային բեռի ավելացման հետեւանքոների վերաբերյալ լրագրողների հարցին ի պատասխան Դյուկովն ասել է. «Հուսով եմ՝ ոչ»։





























