Զարգացող երկրներին եւ ձեւավորվող շուկաներով երկրներին, բացառությամբ Չինաստանի, մինչեւ 2030 թվականը տարեկան 2 տրիլիոն դոլարից ավելի ներդրումներ հարկավոր կլինեն, եթե աշխարհն ուզում է դադարեցնել գլոբալ տաքացման կործանարար ուժը եւ հաղթահարել դրա հետեւանքները: Այս մասին ասվում է ՄԱԿ-ի զեկույցում։
Տրիլիոն դոլարը պետք է ստացվի հարուստ երկրներից, ներդրողներից եւ զարգացման բազմակողմ բանկերից, ասվում է վերլուծության մեջ, որը պատվիրել են Մեծ Բրիտանիան ու Եգիպտոսը, որոնք համապատասխանաբար հյուրընկալել են 2021 թվականին ՄԱԿ-ի կլիմայի գագաթաժողովը Գլազգոյում եւ այս շաբաթվա COP27 գագաթաժողովը Շարմ էլ-Շեյխում:
Մնացած գումարը` մոտ 1,4 տրիլիոն դոլար, պետք է ստացվի մասնավոր եւ պետական աղբյուրներից:
Զարգացող երկրներում եւ ձեւավորվող շուկաներով երկրներում, բացի Չինաստանից, ընթացիկ ներդրումները կազմում են մոտ 500 միլիարդ դոլար:
«Աշխարհին թափ է հարկավոր եւ կլիմայի ֆինանսավորման նոր ճանապարհային քարտեզ, որը կարող է մոբիլիզացնել 1 տրիլիոն դոլար արտաքին ֆինանսավորումը, որն անհրաժեշտ է մինչեւ 2030 թվականը զարգացող երկրներին եւ ձեւավորվող շուկաներով երկրներին, բացի Չինաստանից»,- ասվում է զեկույցում:
«Ֆինանսներ՝ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի գործողությունների համար» 100 էջանոց վերլուծությունը ներկայացվում է որպես համաշխարհային տնտեսությունը «կանաչացնելու» ներդրումային ծրագիր՝ Փարիզի կլիմայի համաձայնագրի նպատակներին հասնելու համար։ Ըստ այդ նպատակների՝ գլոբալ ջերմաստիճանի բարձրացումը պետք է սահմանափակվի մինչեւ երկու աստիճան Ցելսիուս եւ հնարավորության դեպքում մինչեւ 1,5 աստիճան Ցելսիուս: Գիտնականները զգուշացնում են, որ այս շեմից բարձր տաքացումը կարող է Երկիրը մղել կյանքի համար ոչ պիտանի ջերմոցային վիճակի:




























