Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ողջունել է Հայաստանի սահմանի երկայնքով ԵՄ քաղաքացիական առաքելության կայունացնող ազդեցությունը։ Այս մասին նա հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Ինչպես հաղորդել է Ելիսեյան պալատը, Մակրոնը հաստատել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին աջակցելու եւ տարածաշրջանում քաղաքական լուծում փնտրելու Ֆրանսիայի լիակատար պատրաստակամությունը, որը թույլ կտա խաղաղություն հաստատել ամուր հիմքի վրա։

Նշվում է նաեւ, որ նոյեմբերի 19-ին Ջերբայում Ֆրանկոֆոնիայի XVIII գագաթաժողովի շրջանակներում Մակրոնը հնարավորություն կունենա հանդիպել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Իր հերթին, Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը հայտնել է, որ Ալիեւն ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում «չեզոք, անկողմնակալ եւ հավասարակշռված մոտեցման» կարեւորությունը։

Ալիեւը նաեւ նշել է, որ վերջին օրերին հայկական կողմի ներկայացրած հայտարարություններն իբր «հակասում են երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը եւ խաղաղության օրակարգին»։