Երեւանում սեպտեմբերի 27-29-ին տեղի կունենա «Վարչական շրջանի երկրաէկոլոգիական մոնիթորինգ եւ ռիսկ» խորագրով միջազգային գիտաժողով։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ գիտաժողովի կազմակերպիչներն են «Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն» ինստիտուտը, Գեղարքունիքի մարզպետարանը, Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը եւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը։
Գիտաժողովին մասնակցելու նպատակով Երեւան են ժամանելու անվանի գիտնականներ Ռուսաստանի Դաշնությունից, Միացյալ Նահանգներից, Ռումինիայից, Չեխիայից, Սլովենիայից, Իսրայելից, Իտալիայից, Գերմանիայից, Բելառուսից, Լեհաստանից, Ուկրաինայից, Մոլդովայից, Լիտվայից, Իրանից, Հորդանանից։
Կքննարկվեն մի շարք թեմաներ, այդ թվում՝ Սեւանի ջրային ավազանի ներկա վիճակը, մարդածին ազդեցության հետեւանքով ջրային ռեսուրսների էկոհամակարգի փոփոխությունները, քիմիական-տեխնոլոգիական օբյեկտների ռիսկերի գնահատման մոդելները, խոշոր վթարների դեպքում լճերի եւ ջրամբարների ռադիոակտիվ աղտոտման կանխարգելումները եւ այլ հարցեր։ Գիտաժողովի ընթացքում շեշտադրվող թեմաներից են երկրաբանական միջավայրի վրա բիզնես գործունեության հետեւանքներն ու վտանգները։ Կխոսվի նաեւ տարածաշրջանային հիմնական խնդրի՝ վերահսկողության կազմակերպման եւ գեոդինամիկ գործընթացների մասին։
Գիտաժողովի թեման հատկապես կարեւոր է Հայաստանի համար, քանի որ մեր երկրում առկա են մի շարք բնապահպանական խնդիրներ, որոնք լրջորեն անհանգստացնում են հասարակության լայն շերտերին։ Հատուկ անդրադարձ կլինի Սեւանա լճի էկոհամակարգի փոփոխություններին։ Նշենք, որ Սեւանա լիճն ունի տարածաշրջանային մեծ նշանակություն. այն ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանում քաղցրահամ ջրի եզակի պաշար է։




























