2009 թվականի համեմատությամբ 2010-ին Լեռնային Ղարաբաղում գործազրկության մակարդակի աննշան անկում է արձանագրվել։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության սոցիալ-ժողովրդագրության եւ աշխատանքի շուկայի վիճակագրության բաժնի պետ Լիլյա Պետրոսյանը։
Նրա խոսքով, եթե 2009-ին ԼՂՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 5,7 տոկոս՝ 3531 մարդ, ապա 2010-ին՝ այդ թիվը եղել է 3445 հոգի՝ 5,6 տոկոս։ «Հատկանշական է, որ 2009-ին աշխատանք փնտրողների մեծ մասը՝ 1649 հոգի, եղել են 22-30 տարեկան անձինք։ 2010-ին պատկերը չի փոխվել. անցած տարի եւս գործազուրկների զգալի մասը ներկայացրել են նույն տարիքային խմբի մարդիկ՝ 1657 հոգի»,- նշեց Լիլիա Պետրոսյանը։
Ամփոփելով՝ ԼՂՀ Ազգային վիճակագրական ծառայության աշխատակիցը նշեց, որ ըստ 2011 թվականի առաջին կիսամյակի ամփոփ տվյալների՝ Լեռնային Ղարաբաղում աշխատանք չունի 3391 մարդ՝ ընդհանուր բնակչության 5,6 տոկոսը։ «Ի տարբերություն 2009-ի եւ 2010-ի՝ այս տարվա հունվար-հունիս ամիսներին աշխատանք ամենից հաճախ փնտրել են 30-50 տարեկան մարդիկ, ընդհանուր թվով՝ 1819 հոգի»,- ասաց նա։




























