Արարատում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցած սահմռկեցուցիչ մանկասպանության փաստով նոր մանրամասներ են բացահայտվել:
Ոստիկանության Արարատի մարզային վարչության Արարատի բաժնի պետի օպերգծով տեղակալ Աշոտ Մկրտչյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ սեփական երեխաներին սպանած 34-ամյա Ռոզա Հակոբի Ալոյանը քրոջ հետ մեծացել է մանկատանը, քանի որ նրա հայրը` Հակոբ Ալոյանը 1989թ. կացնահարել է մորը` Շողիկ Ալոյանին: Հայրը դատապարտվել է, իսկ մանկահասակ քույրերը մեծացել են Գավառի մանկատանը:
Մանկատանից հետո Ռոզա Ալոյանին բնակարան են տվել Արարատ քաղաքի Շահումյան փողոցում: Նա ամուսնացել է Երեւանի բնակիչ Գարիկ Խաչատրյանի հետ, 10 տարի ապրել են փաստացի ամուսնական կյանքով եւ ունեցել են 2 տղա` 2005թ. ծնված Վարդան Ալոյանը եւ 2007թ. ծնված Հայկ Ալոյանը, իսկ վերջին տարիներին ամուսինները ամուսնալուծված էին:
«Սեպտեմբերի 6-ի երեկոյան ոստիկանությունը հարեւաններից ահազանգ է ստացել, որ հնարավոր է` մայրը սպանել է իր երեխաներին:
Գնալով դեպքի վայր եւ բացելով դուռը ոստիկանները պարզել են, որ մայրը սպանել է փոքրիկներին, խեղդել է, պառկեցրել է մահճակալին եւ գնացել է տանից: Իրավապահները հայտնաբերել են մորը, որի հետ զրույցի ընթացքում վերջինս խոստովանել է, որ կախել է Վարդանին եւ Հայկին: Նա հրաժարվել է հայտնել իր արարքի պատճառը»,- պատմեց Աշոտ Մկրտչյանը:
Վերջինիս խոսքով, Ռոզա Ալոյանը խոհանոցում, ջրի խողովակից օղակ է սարքել, սավանը գցել է երեխայի վզից եւ կախել: Երեխան 10 րոպե անց անշնչացել է: 2 ժամ թողել է կախված, ապա հաջորդ երեխային է կախել նույն ձեւով, ապա իջեցրել եւ դրել է մահճակալին:
Ռոզա Ալոյանը ձերբակալված է, կատարվում է նախաքննություն: Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Սպանությունը):
Արարատի փոխոստիկանապետի խոսքով, Ռոզա Ալոյանի բնակարանից հայտնաբերվել է բազմատեսակ աղանդավորական գրականություն:
«Սեղանին դրված է եղել մանկական Աստվածաշունչ, որի բացված էջի վրա վերնագրված է եղել «Քրիստոսն օրհնում է երեխաներին»: Ըստ մոր հայտարարության, այդ էջը բազմիցս կարդացել է երեխաների համար: Շատ հանգիստ էր պահում իրեն: Տասնյակ գրքեր են հայտնաբերվել»,- նշել է Արարատի փոխոստիկանապետը:
Մենք փորձեցինք զրուցել նաեւ Ռոզա Ալոյանի հարեւանների հետ: Մի քանիսն ընդհանրապես հրաժարվեցին պատասխանել մեր հարցերին, իսկ հարեւաններից մեկը, խնդրելով անջատել ձայնագրիչը, նշեց, որ Ռոզան առանձնապես տարօրինակ վարք չի ցուցաբերել, շատ չի շփվել հարեւանների հետ, իսկ ընտանիքն ապրել է ծանր ֆինանսական պայմաններում:
Արտակ Եղիազարյան
Լուսանկարները` Արտակ Եղիազարյանի



























