Արցախում Ադրբեջանը փորձում է խնդիրներ ստեղծել նաեւ Ռուսաստանի համար։ Այստեղ ռուսաստանը նույնպես մեղքի բաժին ունի։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։

Նրա գնահատմամբ, 2020 թվականի պատերազմից հետո Ռուսաստանն իր վրա միջնորդի դեր է վերցրել, ոչ թե հանդես է եկել Հայաստանի կողմից։

Փորձագետը դա անվանեց այն բանի ազդանշան, որ Ռուսաստանի ազդեցության գոտում կարելի է դիմել նման գործողությունների։

«Դա նաեւ Ռուսաստանի պարտությունն էր։ Սա թույլ տալով՝ Ռուսաստանը ստացավ ուկրաինական պատերազմը։ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ուկրաինայում ոգեւորություն տիրեց, այնտեղ սկսեցին մտածել, որ Ռուսաստանին կարելի է հաղթել։ Գործընթացներ տեղի ունեցան նաեւ Կենտրոնական Ասիայում։ Բոլորը հասկացան, որ Ռուսաստանը թույլ է։ Դա Ռուսաստանի մեծ սխալն էր, որի հետեւանքներն այսօր էլ զգացվում են, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից ռուս խաղաղապահներին նվաստացնելու տեսքով»,- հավելեց Դանիելյանը։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30-ից մի խումբ ադրբեջանցիներ կրկին, իբր բնապահպանական նկատառումներով, փակել էին Ստեփանակերտ-Գորիս ճանապարհը։

Արդեն մեկ օրից ավելի է, ինչ ադրբեջանական կողմը խախտում է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները եւ Ղարաբաղի խաղաղ բնակչության իրավունքները՝ փակելով հանրապետությունն արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհը։

Ստեղծված իրավիճակի հետ կապված՝ Հայաստանից Ղարաբաղ ժամանած քաղաքացիները գիշերել են Գորիսում, նրանց մի մասը, այդ թվում կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր գյուղում։

Դեկտեմբերի 13-ին Ղարաբաղի Ազգային ժողովը հայտարարություն է ընդունել Արցախի Հանրապետության ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու անհրաժեշտության կապակցությամբ։

Դրանում ասվում է․ «Հայաստանի Հանրապետության իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական եւ գործուն քայլեր` Արցախի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ անխափան ցամաքային կապի վերականգման եւ Արցախի Հանրապետության քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով։

Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ եւ տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության եւ իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաեւ ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը։

 Կոչ ենք անում միջազգային կառույցներին եւ ՄԱԿ-ի անդամ երկրներին դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար»։

Դեկտեմբերի 13-ի երեկոյան Ադրբեջանը դադարեցրել է գազի մատակարարումն Արցախին։