Իրանն, ըստ երեւույթին, կհանվի ՄԱԿ կանանց իրավունքների հարցերով զբաղվող մարմնից այն քաղաքականության պատճառով, «որը հակասում է կանանց եւ աղջիկների իրավունքներին», տեղեկացրել է Reuters-ը։

ՄԱԿ Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ՏՍԽ), որը բաղկացած է 54 անդամից, կքվեարկի Իրանի Իսլամական Հանրապետությունն «անհապաղ Կանանց դրության հարցերով զբաղվող հանձնաժողովից հանելու ԱՄՆ պատրաստած բանաձեւի օգտին։ Իրանը հանձնաժողովում դեռ լիազորություններ ունի 2022-2026թթ. ժամկետի համար»։

45 անդամից բաղկացած հանձնաժողովը հավաքվում է ամեն տարվա մարտ ամսին եւ նպատակ ունի նպաստել գենդերային հավասարությանն ու կանանց իրավունքների եւ հնարավորությունների ընդլայնմանը։ ԱՄՆ պաշտոնական ներկայացուցիչը Reuters գործակալությանը հայտնել է, որ իրենք «մշտապես տեսնում են Իրանն այդ հանձնաժողովից հանելու աճող աջակցությունը»։

Իրանը, 17 այլ պետություններ եւ պաղեստինցիները երկուշաբթի նամակով դիմել են ՏՍԽ, որում նշել են, որ քվեարկությունն, «անշուշտ, անցանկալի նախադեպ կստեղծի, որը վերջին հաշվով կխանգարի այլ մշակույթ, այլ սովորություններ եւ ավանդույթներ ունեցող մյուս անդամ պետությունների աշխատանքին հանձնաժողովում»։