Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Տնտեսական եւ սոցիալական խորհուրդը (ECOSOC) քվեարկել է Կանանց կարգավիճակի հարցերով ՄԱԿ-ի հանձնաժողովից Իրանին մինչեւ 2026 թվականը հանելու օգտին: Այս նախաձեռնությամբ հանդես է եկել ԱՄՆ-ը` վկայակոչելով Իրանում կանանց իրավունքների խախտումները վերջին ամիսներին անցկացվող բողոքի ցույցերի ժամանակ:

Կողմ է քվեարկել 29 երկիր, դեմ՝ 8, ձեռնպահ՝ 16։

Բանաձեւում նշվում է, որ ECOSOC-ն իր խորը մտահոգությունն է հայտնում 2022 թվականի սեպտեմբերից Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության գործողությունների առնչությամբ, որոնք ուղղված են կանանց եւ աղջիկների մարդկային իրավունքների մշտական խախտմանը եւ աճող ճնշումներին, ներառյալ խոսքի ազատության իրավունքը, հաճախ ոչ համաչափ ուժ կիրառելով։

«Խորհուրդը որոշում է անհապաղ հեռացնել Իրանի Իսլամական Հանրապետությանը Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովից՝ նրա իրավասությունների 2022-2026 թվականների մնացած ժամկետի համար»,- ասվում է փաստաթղթում։

Կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովը համաշխարհային գլխավոր միջկառավարական մարմինն է, որը զբաղվում է բացառապես գենդերային հավասարության խթանմամբ եւ կանանց իրավունքների ու հնարավորությունների ընդլայնմամբ: Որպես Տնտեսական եւ սոցիալական խորհրդի գործառութային հանձնաժողով, այն ստեղծվել է 1946 թվականի հունիսին։