Ռուսաստանում երկու եռամսյակ անընդմեջ բնակչության ծախսերը կրճատվում են։ Հաշվի առնելով գնաճը՝ սպառողական ծախսերը երկրորդ եռամսյակում կրճատվել են տարեկան յոթ, իսկ երրորդ եռամսյակում՝ 6,4 տոկոսով, նշվել է FinExpertiza-ի հետազոտությունում։
Սա ռեկորդային անկում է, ռուսաստանցիները սրանից ավելի շատ իրենց սպառումը սահմանափակել էին միայն համավարակային 2020թ.։ Իրենց եկամուտների ամենաքիչ մասը ծախսել են Չուկոտկայի ինքնավար օկրուգի բնակիչները՝ 33 տոկոս։ Ամենախնայողական շրջանների թվում են նաեւ Նենեցական (34,8 տոկոս) եւ Յամալո-Նենեցական ինքնավար օկրուգները (40,1 տոկոս)։
Այնուամենայնիվ, բոլոր ռուսաստանցիները չէ, որ կարողացել են օպտիմալացնել իրենց ծախսերը։ Տյումենի մարզի բնակիչները երրորդ եռամսյակում ծախսել են ընթացիկ եկամուտների 104,8 տոկոսը կազմող գումարներ։ Դա նշանակում է, որ օգտագործվել են այդ թվում նաեւ կուտակումները։ Գրեթե ամբողջ վաստակածը ծախսել են Կաբարդինո-Բալկարիայի (96,3 տոկոս), Պսկովի մարզի (94,8 տոկոս) բնակիչները։ Երրորդ եռամսյակում ռուսաստանցիները ապրանքներ գնելու եւ սպասարկումների համար ծախսել են իրենց եկամուտների մոտ 78,2 տոկոսը (միջինը 36 հազար ռուբլի ամսական)։




























