Ղրիմի հայ համայնքը տեղի թաթարական համայնքի հետ բանակցություններ է վարում, որպեսզի հայազգի Արգիշտի Հարությունյանի կողմից թաթար երիտասարդի սպանության միջադեպն ազգամիջյան հակամարտության չվերաճի։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայտարարեց «Ղրիմահայոց ընկերության» նախագահի տեղակալ Վահան Վերմիշյանը։
«Հայերի եւ թաթարների միջեւ ազգամիջյան հակամարտություն, որպես այդպիսին, Ղրիմում չկա։ Պարզապես որոշ լրատվամիջոցներ փորձում են կատարվածի հետեւանքներն ուռճացրած ներկայացնել, մարդկանց միջեւ հակամարտություն հրահրել»,- նշեց նա՝ ավելացնելով. «Դեպքն այնպես չի եղել, ինչպես մամուլն է ներկայացնում։ Մի թաթար տաքսիստ, ով մշտապես սպասարկել է հայազգի Արգիշտի եւ Անդրանիկ Հարութունյանների սրճարանը, եկել եւ մարդկանց տանել-բերելու համար ավել փող է պահանջել։ Այդտեղ եղբայրների եւ նրա միջեւ վիճաբանություն է սկսվել, նրանք քաշքել են իրար, ինչից հետո տաքսու վարորդը գնացել, դիսկոտեկից հավաքել է իր ազգակիցներին եւ «Գազել» մակնիշի երկու մեքենաներով վերադարձել սրճարան։
Հանկարծ նրանց դիմաց է դուրս եկել տղաներից կրտսերի ընկերներից մեկը՝ եւս հայ, ով, սակայն, վիճաբանության հետ ոչ մի կապ չի ունեցել։ Թաթարները միանգամից խփել են նրան, հետո նաեւ կրտսեր եղբորը՝ Անդրանիկին։ Երբ մեծ եղբայրը դուրս է եկել եւ տեսել, թե ինչ է կատարվում, խոհանոցի դանակով հարվածել է առաջին պատահած թաթարին՝ 19-ամյա Էմիլ Գանիեւին, ով եկել էր «Գազել»-ներից մեկով։ Ընդ որում, թաթար երիտասարդի ձեռքին «արմատուրա» է եղել։ Երկու եղբայրները վախենալով՝ դեպքի վայրից փախուստի են դիմել, սակայն իմ տեղեկություններով, նրանք այժմ իրավապահ մարմինների կողմից ձերբակալվել են։ Փոխարենն ազատության մեջ են թաթարները, ովքեր հարձակվել են հայերի եւ նրանց սեփականության վրա»,- տեղեկացրեց ղրիմահայ համայնքի ներկայացուցիչը։
Վերմիշյանի խոսքով, միջադեպի հաջորդ օրը թաթարները հրդեհել են հայերին պատկանող սրճարանը եւ հայտարարել, թե դա իրենց ձեռքի գործը չէ, եւ դա հայերն են արել՝ ազգամիջյան հակամարտություն հրահրելու նպատակով։ «Այսկերպ թաթարները նպատակ ունեն խուսափել իրավապահներից»,- կարծիք հայտնեց նա։
Ամփոփելով՝ «Ղրիմահայոց ընկերության» նախագահի տեղակալը հավաստիացրեց, որ Ղրիմի հայերի եւ թաթարների միջեւ սրանից առաջ նմանօրինակ միջադեպեր չեն գրանցվել եւ սկսած 13-րդ դարից՝ նրանք կողք կողքի միշտ համերաշխ են ապրել։ Նա նաեւ ակնարկեց, որ ինքը որոշակի կասկածներ ունի, թե ով է ազգամիջյան հակամարտության հրահրողը, սակայն զերծ մնաց անուններ նշելուց։
Նշենք, որ սեպտեմբերի 3-ին Ռոդնիկովոյե գյուղի սրճարաններից մեկում` Սիմֆերոպոլից 20 կմ հեռավորության վրա Ղրիմի թաթարների եւ հայկական սփյուռքի ներկայացուցիչների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել։ Արդյունքում սպանվել է 19-ամյա Էմիլ Գանիեւը։ Սպանության կասկածանքով ձերբակալվել են 31-ամյա Արգիշտի եւ 21-ամյա Անդրանիկ Հարութունյանները: Եւս երկու կասկածյալի` Կարեն Գեւորգյանին եւ Արա Հովակյանին ձերբակալել են։
Տեղի մամուլը, մինչդեռ, դեպքն այլ կերպ է ներկայացնում։ Ըստ այդմ, ծեծկռտուքի մասնակիցներից Դիլյավերի խոսքով, «այդ տղային սպանել են 20 գրիվին հերոինի համար»: Նրա խոսքով, «Հայերը տաքսի էին նստել եւ չէին ցանկանում վճարել, նրանք վիրավորեցին վարորդին` իմ ընկերոջը: Մենք նրանց մոտ սրճարան եկանք` ասելով «թույլ տվեք առանց վեճի տանել մեր ընկերոջը, բայց նրանք հարձակվեցին»:




























