Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության հակահրթիռային պաշտպանության տեղորոշիչ կայան տեղակայելու Թուրքիայի որոշումը ապակայունացնող գործոն կլինի ոչ միայն թուրք-իրանական հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային իրավիճակի համար: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող Անդրեյ Արեշեւը:
«Մենք հասկանում ենք, որ ռադարները կտեղակայվեն Մերձավոր եւ Միջին Արեւելքի երկրների շահերի հաշվին: Այլ կերպ չեն կարող այս տարածաշրջանում իրացվել ԱՄՆ-ի շահերը:Թուրքիան Արեւմուտքի առաջատար գործընկերն է արեւելյան տարածաշրջանում: Դա ապացուցվեց նաեւ Սիրիայի իրադարձությունների ժամանակ, երբ Թուրքիան աջակցեց այսպես կոչված ապստամբներին: Նույնը տեղի է ունենում նաեւ Իրանի այսպես կոչված միջուկային հիմնախնդրի դեպքում»,- նշեց Արեշեւը:
Նրա խոսքով, ՆԱՏՕ-ի ՀՀՊ տեղորոշիչ կայանները ապակայունացնող գործոն են մերձավորարեւլյան տարածաշրջանի համար եւ, առաջին հերթին, պոտենցիալ սպառնալիք են Իրանի համար:
«Տվյալ իրավիճակում թուրքական իշխանությունների որոշումն անկասկած կբարդացնի Թուրքիայի եւ Իրանի հարաբերությունները եւ հարցականի տակ կդնի համատեղ նախագծերն ու բարեկամական հռետորությունը, որը վերջին տարիներին Թուրքիայի ղեկավարությունը հասցեագրում է Թեհրանին: Կարելի է ենթադրել, որ մոտենում է պահը, երբ Թուրքիան պետք է վերջնականապես հաստատի, որ Միջին եւ Մերձավոր Արեւելքի գործերում առավել մեծ ներգրավվածություն ունենալու մասին հռետորությունը բլեֆ չէ եւ տեղի են ունեցել իրական փոփոխություններ»,- նշեց Արեշեւը` նկատելով, թե Թուրքիայի վերջին քայլերը վկայում են այն մասին, որ այդ երկիրը կողմնորոշված է դեպի ԱՄՆ եւ Արեւմուտք, իսկ Թուրքիայի հակաամերիկյան հռետորությունն ընդամենը միավորներ շահելու նպատակ ունեն:
Քաղաքագետի կարծիքով, Թուրքիան ու Իրանն առաջիկայում կփորձեն որեւէ կերպ պայմանավորվել ու հարթել այս սկանդալը:
NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Իրանի պաշտպանության նախարար Ահմադ Վահիդին հայտարարել էր, թե Թեհրանը թույլ չի տա ագրեսիա իր ազգային շահերի դեմ: Վահիդին ասել էր, որ «ամերիկյան եւ արեւմտյան ներկայությունը վնասարար է մուսուլմանական երկրների համար»;
Թուրքիայի վարչապետ Էրդողանը հայտարարել էր, որ ՆԱՏՕ-ի ռադիոտեղորոշիչ կայանի առկայությունը կարեւոր քայլ կլինի ամբողջ տարածաշրջանի համար:
«Մենք կառավարությունում լայնորեն քննարկեցինք այս հարցը եւ ընդունեցինք որոշում: Ռադարի տեղակայումը Թուրքիայի համար հիմնախնդիրներ չի առաջացնի», - ասել էր Էրդողանը:



























