Արուսյակ Ալեքսանյանի կալանավորման ժամկետը երկարացվել է: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արմեն Պողոսյանի նախագահությամբ, մասամբ բավարարել է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը՝ կալանավորման ժամկետը երկարացնելով մեկ ամիս ժամկետով: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է փաստաբան Երեմ Սարգսյանը:
Նշենք, որ ավելի վաղ դատարանը մերժել էր փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը երկարացնելու մասին միջնորդությունը, իսկ դատավորի օգնականը, որը նույնպես ձերբակալվել, ապա կալանավորվել էր, ազատ էր արձակվել գրավի դիմաց:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-ին ԱԱԾ ծառայողները ներխուժել են դատարանի շենք եւ ձերբակալել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին եւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին։ ՀՀ գլխավոր դատախազը միջնորդություններ էր ներկայացրել ԲԴԽ՝ պահանջելով թույլատրել քրեական հետապնդում հարուցել եւ ազատությունից զրկել դատավոր Արուսյակ Ալեքսանյանին, որը ժամեր տեւած քննության արդյունքում բավարարվել է։ Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակությանն առնչվող գործին։
Մասնավորապես, դատարանը որոշել է գրավի դիմաց ազատ արձակել «Ֆազ» մականունով հայտնի քրեական հեղինակություն համարվող Սերգեյ Գրիգորյանին՝ բավարարելով վերջինիս պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը եւ այժմ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում է ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու եւ պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ։ Նույն վարույթի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նաեւ փաստաբան Էրիկ Ալեքսանյանին, որին ԱԱԾ-ն մեղադրում է դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։ Իսկ որպես «օժանդակություն», ըստ պաշտպանների, դիտարկվել է փաստաբան Էրիկ Ալեքսանյանի կողմից իր փաստաբանական լիազորություններից օգտվելն ու իր իր պաշտպանյալի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացնելու եւ այլընտրանքային խափանման միջոցը թույլատրելի ճանաչելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնելը։
Արուսյակ Ալեքսանյանը եւ Էրիկ Ալեքսանյանն իրենց ներկայացված մեղադրանքը չեն ընդունում։





























