Պերուի նախագահ Դինա Բոլուարտեն, որը հայտարարել է, որ ղեկավարում է անցումային կառավարությունը, շաբաթ օրը երկրի կոնգրեսին կոչ է արել ընդունել համընդհանուր ընտրությունները հետաձգելու նախագահական պալատի առաջարկը, հաղորդում է Reuters-ը:
Բոլուարտեն, որը նախկինում Պերուի փոխնախագահն է եղել, նախագահի պաշտոնը ստանձնել է այս ամսվա սկզբին այն բանից հետո, երբ ձախակողմյան նախկին նախագահ Պեդրո Կաստիլյոն փորձեց ցրել Կոնգրեսը եւ ձերբակալվեց:
Այդ ժամանակից ամբողջ երկրում բողոքի ցույցեր են սկսվել, եւ առնվազն 17 մարդ է զոհվել: Եվս հինգը, ըստ իշխանությունների տվյալների, մահացել են ցույցերի անուղղակի հետեւանքներից:
Շաբաթ օրը Բոլուարտեն հակադարձել է իր հրաժարականը պահանջող ցուցարարներին՝ ասելով, որ դա չի լուծի խնդիրը, եւ որ ինքը կատարել է իր դերը՝ օրինագիծն ուղարկելով կոնգրես:
Ուրբաթ օրը Պերուի կոնգրեսը մերժել է սահմանադրական բարեփոխումների առաջարկը՝ ընտրությունները 2023 թվականի դեկտեմբեր տեղափոխելու համար: Կոնգրեսի որոշ անդամներ կոչ են արել օրենսդիր մարմնին վերանայել առաջարկը:
«Ես պահանջում եմ վերանայել ընտրությունները հետաձգելու վերաբերյալ քվեարկությունը»,- ասել է Բոլուարտեն՝ քննադատելով կոնգրեսի անդամներին, որոնք չեն մասնակցել քվեարկությանը։
Նա նաեւ մերժել է սահմանադրական հավաքներ անցկացնելու կոչերը՝ ասելով, որ այժմ «ժամանակը չէ»: Ձախակողմյան որոշ առաջնորդներ կոչ են անում վեհաժողով հրավիրել, որը կվերամշակի Պերուի 1993 թվականի սահմանադրությունը՝ տնտեսության մեջ պետության դերը ամրապնդելու համար:
Բոլուարտեն ասել է, որ առաջիկա օրերին նախարարների կաբինետում փոխատեղումներ կլինեն այն բանից հետո, երբ ուրբաթ օրը կրթության եւ մշակույթի նախարարները հրաժարական են տվել:
Բողոքի ցույցերը, որ սկսվել են նախկին նախագահ Կաստիլյոյի ձերբակալությունից հետո, որը նախնական կալանքի տակ է գտնվում ապստամբություն եւ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով, խափանել են Պերուի տրանսպորտային համակարգը, օդանավակայանները փակելու եւ մայրուղիներն արգելափակելու պատճառ են դարձել:
Չորեքշաբթի օրը Բոլուարտեի կառավարությունը արտակարգ դրություն է հայտարարել՝ ոստիկանությանը տալով հատուկ լիազորություններ եւ սահմանափակելով քաղաքացիների իրավունքները, այդ թվում՝ հավաքների իրավունքը։
Ցուցարարները նաեւ փակել են Պերուի սահմանները՝ թողնելով զբոսաշրջիկներին դժվար կացության մեջ եւ դադարեցնելով առեւտուրը:





























