Գերմանական Բունդեսվերը (Գերմանիայի ԶՈՒ) լուրջ տեխնիկական խնդիրների առաջ է կանգնել «Պումա» ՀՄՄ-ի ամենավերջին մոդելի շահագործման ընթացքում, գրում է գերմանական Der Spiegel հրատարակությունը՝ հղում տալով 10-րդ զրահատանկային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Ռուպրեխտ ֆոն Բաթլերի նամակին՝ ուղղված ցամաքային զորքերի եւ Գերմանիայի պաշտպանության նախարարության հրամանատարությանը։
Լրատվամիջոցների տեղեկություններով՝ ուսումնավարժական կրակոցներից հետո, շահագործված բոլոր 18 ՀՄՄ-ները լիովին «հաշմանդամ» են դարձել, մինչդեռ դրանք «ավելորդ ծանրաբեռնվածության չեն ենթարկվել»։ ՀՄՄ-ներից մեկում հրդեհ է բռնկվել՝ օդաչուների խցիկում մալուխի բռնկման հետեւանքով, իսկ աշխատանքային վիճակում մնացած վերջին երկու մեքենաները մեկուկես ժամ տեւածկրակոցներից հետո շարքից դուրս են եկել՝ վնասված աշտարակներով։
Ֆոն Բաթլերի խոսքով՝ «Պումա» ՀՄՄ-ի գործառնական պատրաստվածությունը «վերածվում է վիճակախաղի», ինչը «հատկապես ծանրաբեռնում է զորքերը»։ Միեւնույն ժամանակ, ենթադրվում էր, որ 2023 թվականի սկզբին այդ մեքենաները պետք է ընդգրկվեին «Շատ բարձր պատրաստվածության համատեղ աշխատանքային խմբի» (VJTF) կազմում, որը մտնում է ՆԱՏՕ-ի արագ արձագանքման ուժերի մեջ (NATO Response Force, NRF): Սակայն նրանց մարտական պատրաստության վերադարձնելու համար կպահանջվի առնվազն երեքից չորս ամիս։ Հավանաբար, անվստահելի սարքավորումները պետք է փոխարինվեն «Marder» ՀՄՄ-ի հին, սակայն վստահելի մոդելով, որը շահագործվում է ավելի քան 40 տարի։
Գերմանիայի պաշտպանության նախարարությունը 2009 թվականի հուլիսին պատվիրել էր 405 «Պումա» զրահամեքենա՝ ակնկալելով դրա վրա ծախսել մոտ 3,1 միլիարդ եվրո։ Հետագայում պատվիրված հետեւակի մարտական մեքենաների թիվը կրճատվել է մինչեւ 350-ի, մինչդեռ մեկ մեքենայի գինը, որը սկզբում կազմում էր մոտ 7,6 միլիոն եվրո, բարձրացել է մինչեւ մոտ 17 միլիոնի: Առաջին մեքենան, որը նախագծվել եւ արտադրվել է Krauss-Maffei Wegmann (KMW) եւ Rheinmetall Landsysteme GmbH (RLS) ընկերությունների կողմից, հանձնվել է Բունդեսվերին 2015 թվականի հունիսին:
ՆԱՏՕ-ի երկրների՝ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները 2014 թվականին Ուելսում կայացած գագաթաժողովում որոշել են ստեղծել VJTF-ի առաջադեմ խումբ։ Այժմ այն ներառում է մոտ 20 հազար զինվորական ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Լեհաստանից, Իսպանիայից, Իտալիայից եւ Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցող այլ երկրներից, գրում է Deutsche Welle-ն։





























