Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հաստատել է քաղաքի Շեւչենկոյի եւ Սոլոմենսկի շրջաններում տեղի ունեցած պայթյունները։ Այս մասին նա գրել է իր Telegram-ալիքում։
«Մի քանի պայթյուններ են որոտացել մայրաքաղաքի Սոլոմենսկի եւ Շեւչենկոյի շրջաններում։ Բոլոր ծառայությունները տեղերում աշխատում են»,- նշվել է հաղորդագրությունում։
Քաղաքապետը մանրամասներ չի նշել՝ խոստանալով ավելի ուշ ավելի շատ տեղեկություններ հաղորդել։
Մինչ այդ Կիեւի քաղաքային ռազմական աշխատակազմը եւ մարզի ռազմական աշխատակազմի ղեկավար Ալեքսեյ Կուլեբան տեղեկացրել էին պայթյունների մասին Ուկրաինայի մայրաքաղաքում եւ մարզում։ Կուլեբայի խոսքով՝ Կիեւի մարզը ենթարկվել է դրոնների գրոհի։ Քաղաքի ռազմական աշխատակազմի տվյալներով՝ Կիեւի օդում խփվել է ինը դրոն։





























