Մեծ Բրիտանիան 2023թ. մեծաքանակ (մի քանի հարյուր հազար) հրետանային ռազմամթերք կմատակարարի Ուկրաինա։ Այս մասին նշվել է կիրակի երեկոյան Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի գրասենյակի տարածած հայտարարությունում։

Նշվել է, որ Միացյալ Թագավորության իշխանությունները 250 մլն ֆունտ սթեռլինգի (304 մլն դոլար) պայմանագիր են կնքել, որը թույլ կտա եկող տարի հրետանային զինամթերքների անխափան հոսք ապահովել Ուկրաինա։ Ընդ որում՝ այս տարի  Մեծ Բրիտանիայի կառավարությունը Կիեւի իշխանություններին է ուղարկել ավելի քան 100 հազար հրետանային ռազմամթերք։

Ուկրաինա նոր ռազմական մատակարարումների մասին բրիտանական իշխանությունները հայտարարել են Միավորված էքսպեդիցիոն ուժերի գագաթաժողովի նախօրեին, որը կայանալու է երկուշաբթի Ռիգայում։ Սունակի գրասենյակի տեղեկացմամբ՝ հանդիպման ժամանակ թագավորության վարչապետը գործընկերներին կհորդորի 2023թ. առնվազն պահպանել Ուկրաինային օգնության ծավալներն ընթացիկ մակարդակում։ Գագաթաժողովին հեռահար ձեւաչափով մասնակցելու է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նշվել է, որ միջոցառման ընթացքում ղեկավարները քննարկելու են Ուկրաինայի հակաօդային պաշտպանության ապահովման հարցերը։

Այնուհետեւ Սունակը կմեկնի Էստոնիա, որտեղ կհանդիպի հանրապետությունում ՆԱՏՕ բազմազգ գումարտակի կազմում տեղակայված բրիտանացի զինծառայողների հետ։ Բացի այդ, Մեծ Բրիտանիայի վարչապետը բանակցություններ կվարի էստոնացի գործընկերոջ՝ Կայա Կալասի հետ. կողմերը կստորագրեն գործընկերության համաձայնագիր նորարարական տեխնոլոգիաների ոլորտում։