Արեւմտյան ղեկավարներն այլեւս չեն կարող թաքցնել ճշմարտությունն Ուկրաինայի մասին, գրել է The American Conservative-ը։

«Վերջերս Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը անփութորեն բացահայտել է Ուկրաինայում պատերազմի ավերիչ հետեւանքները։

«Ըստ գնահատականների՝ այսօրվա դրությամբ զոհվել են ավելի քան 20 000 խաղաղ բնակիչ եւ 100 000 ուկրաինացի զինծառայող»,- ասել է նա։ Մեկնաբանությունը կտրուկ արձագանք է առաջացրել, եւ ԵՄ-ն այնուհետեւ հանել է մեկնաբանությունները տեսագրությունից։ Ցենզուրան մնացել է անբացատրելի եւ ի ցույց է դրել հաստատված նարատիվի մատակարարների շփոթվածությունը։

Եթե ֆոն դեր Լյայենի գնահատականը ճիշտ է, դա գրեթե տասն անգամ գերազանցում է զոհված ուկրաինացի զինվորների թիվը, որոնց մասին տեղեկացնում է Ուկրաինայի կառավարությունը։ Եվրահանձնաժողովի նախագահի ակնարկը ցույց է տալիս, որ այդ արյունալի եւ ապարդյուն պատերազմի անգամ ամենաուժեղ կողմնակիցներն այլեւս չեն կարող թաքցնել ճշմարտությունը. Ուկրաինան կարող է պարտվել։

Հիմնական ԶԼՄ-ները եւ Բայդենի վարչակազմը զզվելու աստիճանի պնդում են, որ Ուկրաինան հաղթում է Ռուսաստանին։ Բայց փաստերը տեղերում չեն համապատասխանում դրան, եւ վարչակազմն ու ԶԼՄ-ները գիտեն այդ մասին։ Պատերազմի բազեները գիտեն, որ  Ուկրաինայի հանդեպ ցինիկ քաղաքականությունը չի հանգեցրել Ուկրաինայից Ռուսաստանին դուրս մղելուն։ Ցավոք, հենց ուկրաինացիներն են կրում այս արտաքին քաղաքական ձախողման հսկայական գինը։ Նրանց ազգը կործանվել է հանուն գլոբալիստական ամերիկյան կայսրության եւ նրա սադրանքով։

Քանի որ Ուկրաինան  կորցնում է վերահսկողությունը Բախմուտ քաղաքի լավ պաշտպանված եւ կարեւոր խաչմերուկների հանդեպ, արեւմտյան մամուլը սկսել է նվազեցնել կորստի կարեւորությունը։ Defense Express-ը տեղեկացնում է. «Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հետախուզությունը հայտարարում է, որ Բախմուտի զավթումը կդառնա առաջին հերթին խորհրդանշական քաղաքական նպատակ Ռուսաստանի համար»։ Անցած շաբաթ Financial Times- հրապարակել էր հոդված «Դժոխք, պարզապես դժոխք. Ուկրաինայի եւ Ռուսաստանի հյուծիչ պատերազմ Բախմուտի պատճառով» վերնագրով։ Հոդվածի ենթավերնագիրն է՝ «Զինվորներն ասում են, որ մարտական գործողությունները արեւելյան Դոնեցկում եւ նրա շուրջ հիշեցնում են խրամատային հակամարտություն Առաջին համաշխարհաին պատերազմի ոճով»։

Հաջորդ տեղեկատվությունը ուկրաինական «հաղթանակի» ցուցում էր նախորդ վեց ամիսների համար։

Ուկրաինան կորցրել է իր տարածքի մոտ 20 տոկոսը։ Ուկրաինական գյուղատնտեսական հողատարածքների 22 տոկոսը Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Այդ շրջաններն այն տարածքների մեծ մասն են, որոնք նշված են Մինսկի համաձայնագրեր-2-ում, որոնք պետք է կառավարվեին որպես ինքնավար օկրուգներ։ Մինսկի համաձայնագրեր-2-ի ձախողման պատճառով է Ռուսաստանը հայտարարել հատուկ ռազմական գործողության մասին՝ Ուկրաինայի իշխանությունից այդ տարածքներն ազատագրելու համար։ Այսօրվա դրությամբ թվում է, թե Ռուսաստանն ընդհուպ մոտեցել է իր նախնական որոշ նպատակների իրականացմանը։

2022թ. մայիսին ՄԱԿ փախստականների գործակալությունը տեղեկացրել էր, որ մոտ ութ միլիոն ուկրաինացիներ դարձել են ներքին տեղահանվածներ, եւս վեց միլիոն գրանցվել է որպես փախստական։ Այս ձմռանն այդ թիվը, հավանաբար, կավելանա։ Ուկրաինական էլեկտրացանցին հասցվող ռուսական վերջին հրթիռային հարվածների հետեւանքով էլ ավելի շատ մարդիկ կհեռանան Ուկրաինայից։ Այս ձմռանը Եվրոպան սպասում է հարյուր հազարավոր ուկրաինացի փախստականների։ Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն կարող է քաղաքի տարհանման կոչ անել այն պատճառով, որ չի կարողանա հիմնական ծառայությունները մատուցել բնակչությանը։

Մեկ ամիս առաջ CNN-ը տեղեկացրել էր, որ ուկրաինական էլեկտրացանցերի մոտ 30 տոկոսն ավերվել է։ BBC-ն տեղեկացրել է, որ վեց միլիոն ուկրաինացի մնացել է առանց էլեկտրականության։ EuroNews-ը վերջերս տեղեկացրել է, որ Կիեւի երկու երրորդը հոսանքազրկված է։ Ըստ գնահատականների՝ Կիեւի 80 տոկոսը մնացել է առանց ջրի։ Նորություններում տեղեկացվում է, որ Կիեւը պատրաստվում է գոյատեւել առանց էլեկտրականության, ջրի եւ ջեռուցման։ Ուկրաինան տարհանել է քաղաքներ, որոնք այլեւս պիտանի չեն ապրելու համար առանց ջեռուցման եւ էլեկտրականության։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է, որ միլիոնավոր մարդկանց կյանքեր այս ձմռանը «սպառնալիքի տակ են»։

Forbes ամսագիրը  տեղեկացրել է, որ Ուկրաինայի մոտ կեսը հոսանքազրկված է։ Newsweek-ը տեղեկացրել է, որ ուկրաինական էներգետիկ հսկան սարքավորումներ չունի խափանումները վերացնելու համար։ Որքա՞ն կդիմանա Ուկրաինայի մայրաքաղաքն առանց էլեկտրականության։

Ուկրաինայի Կենտրոնական բանկի գնահատականներով՝ երկրի ՀՆԱ-ն 2022թ. կնվազի 32 տոկոսով, գնաճը կհասնի 30 տոկոսի, իսկ գործազրկությունը՝ 30 տոկոսի։ The New York Times-ը տեղեկացրել է, որ Ուկրաինայի գյուղատնտեսական ճյուղը պատերազմի հետեւանքով կորցրել է մոտ 23 մլրդ դոլար։ Արժույթի միջազգային հիմնադրամը նշել է, որ պատերազմն Ուկրաինայում հանգեցրել է պարենի ամենամեծ անբավարարությանը 2008-ից ի վեր։ CNN-ը տեղեկացրել է, որ Ուկրաինայի կապը լրիվ կախված է Իլոն Մասկի Starlink համակարգից։ Համակարգում խնդրի դեպքում երկիրը կսուզվի խավարի մեջ։

The Washington Post-ը տեղեկացրել է, որ ուկրաինացիները հավելյալ 700 մլրդ դոլար են խնդրում մեր ուղարկած 100 մլրդ դոլարից բացի։

Ուկրաինայի «վերջերս տարած» հաղթանակը Խերսոնում հօդս է ցնդել։ Ուկրաինան տարհանում է Խերսոնը ռուսական գնդակոծությունների պատճառով։ Ուկրաինական ռազմական մեքենան ի վիճակի չէ վերահսկողություն պահել այդ քաղաքում։ Սեպտեմբերյան եւ հոկտեմբերյան ուկրաինական բոլոր հարձակումները փակուղի են մտել, իսկ ռուսները, թերեւս, ամրացնում են պաշտպանության իրենց գծերը եւ ավելացնում մարտական ուժերը, մինչդեռ Ուկրաինան հավաքագրում է վաթսունամյա տղամարդկանց։

Ուկրաինան կորցնում է նաեւ ռեսուրսների հասանելիությունը, որոնք անհրաժեշտ են նրան պատերազմը շարունակելու համար։ ԱՄՆ-ի եւ Եվրոպայի զենքը սպառվում է։ Բացի այդ, CNN-ը տեղեկացրել է, որ զենքի պաշարներն Ուկրաինայի համար սպառվում են։ Ուկրաինայի ռազմական տեխնիկան, հատկապես հրետանին, կործանվում է, եւ Արեւմուտքը չի կարող փոխարինել շարքից դուրս եկած շատ բան։

Ինչպես տեղեկացրել է Foreign Policy-ն, ՆԱՏՕ պաշտոնյաներն անհանգստացած են այս անբավարարությունից։ Անգամ նեոկոնսերվատոր Ֆրեդերիկ Կագանն է խոստովանել, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ նման հակամարտության։ «Իրականում ՆԱՏՕ-ն չի ծրագրում այսպիսի պատերազմներ վարել, եւ այս ասելով ես նկատի ունեմ պատերազմները հրետանային համակարգերի եւ տանկային ու հրետանային արկերի մեծ քանակության գերինտենսիվ օգտագործմամբ»,- ասել է Կագանը Foreign Policy-ի հարցազրույցում։ «Մենք երբեք այսպիսի պատերազմի համար պաշարներ չենք ունեցել ամենասկզբից»։ Raytheon-ի գլխավոր տնօրենի խոսքով՝ Javelin-ի 13 տարվա արտադրությունն Ուկրաինան օգտագործել է տասն ամսում։

Այսպես չպետք է լիներ։ Ուկրաինան եւ Ռուսաստանը կարող էին ամուր խաղաղություն կնքել, եթե չլիներ գլոբալիսական ամերիկյան կայսրության միջամտությունը։ 2022թ. մարտին երկու կողմերը, թվում է, մոտ էին համաձայնեցնելու հակամարտության կարգավորման պայմանները։ Թվում էր՝ համաձայնագիրը կերաշխավորի, որ Ուկրաինան երբեք չի մտնի ՆԱՏՕ։ ՆԱՏՕ խնդիրն ամենամեծն է այս ամբողջ գործում։ Միացյալ Նահանգները եւ Մեծ Բրիտանիան խափանեցին այդ գործարքը, եւ այդ ժամանակվանից պատերազմը շարունակվում է, ինչի հետեւանքով զոհվել են տասնյակ հազարավոր ուկրաինացիներ, ռուսներ եւ այլք։ Նրանց արյունն ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ղեկավարների ձեռքերին է։

Ամերիկյան պաշտպանական կապալառուները, քաղաքական գործիչները եւ վերլուծաբանական կենտրոնները հարստանում են Ուկրաինայի ու նրա դժբախտ քաղաքացիների հաշվին։ Մնացյալ Եվրոպան տառապում է Ռուսաստանի դեմ ուղղված «առավելագույն պատժամիջոցներից», իսկ ուկրաինացիները շարունակում են փախչել երկրից։ Այս տառապանքներից ոչ մեկը, հավանաբար, չի առնչվում այն մարդկանց, որոնք պատասխանատու են ամերիկյան արտաքին քաղաքականության համար։ Նրանք թքած ունեն Ուկրաինայի սնանկացման վրա։ Դա Կոլումբիա օկրուգի աշխարհայացքի անխուսափելի արտադրանքն է, որը մարդկանց նախրի տեղ է դնում։

Անկասկած, պատերազմի գինը Ռուսաստանի համար նույնպես բարձր էր։ Ռուսները վրիպել են եւ սխալներ թույլ տվել այս ամբողջ ողբերգության ընթացքում։ Բայց նարատիվը, որը փոխանցվել է ամերիկյան ժողովրդին, ազնիվ կամ ճիշտ չէր։ Ի՞նչ կշահի Ուկրաինան՝ կորցնելով տասնյակ հազարավոր կյանքեր եւ իր ենթակառուցվածքի զգալի մասը։ Շատ ուկրաինացիներ կորցրել են իրենց հարազատներին եւ դաժան ձմռան մեջ են այնպիսի մարդկանց պատճառով, ինչպիսին են Ուրսուլա ֆոն դեր Լյայենը, Ջո Բայդենը եւ նրանց նեոկոնսերվատորները։ Ժամանակն է, որ արեւմտյան ղեկավարները նայեն ճշմարտության աչքերին եւ բանակցություններ սկսեն, որպեսզի փրկեն ուկրաինացիներին այս մարդկային ողբերգությունից»։