Էվանս Մբամբայի հետ մենամարտի արձագանքները միջազգային ֆեդերացիայում, պրոմոուտերական շրջանակներում շատ դրական են եւ հնարավոր է` առաջիկայում եւս Հայաստանում կազմակերպվեն պրոֆեսիոնալ բռնցքամարտի մենամարտեր: Այդ մասին այսօր, սեպտեմբերի 9-ին «Տեսակետ» մամուլի ակումբում կայացած ասուլիսում հայտարարեց Վիկ Դարչինյանը:

«Շատ ուրախ եմ, որ հայրենիքում կայացավ իմ  մենամարտը: Նպատակը վաղուց կար, սակայն միջազգային ֆեդերացիան իրավունք չէր տալիս: Մենամարտը կազմակերպելուն օգնեց երկրի նախագահը: Միջազգային ֆեդերացիան մտավախություն ուներ, որ մենամարտը չի ստացվի, սակայն երբ իմացան, որ նախագահը ներկա է լինելու` համաձայնեցին աշխարհի առաջնությունը Երեւանում անցկացնելուն»,- հայտարարեց Վիկ Դարչինյանը:

Գնահատելով  հարավաֆրիկացի Էվանս Մբամբայի վարած պայքարը` Դարչինյանը նշեց, որ շատ լավ էր մրցակիցը նախապատրաստվել մենամարտին եւ լավ է, որ նոկաուտ չեղավ ու մենամարտը արագ չավարտվեց, քանի որ կարող էին իրենց մեղադրել թույլ մրցակից գտնելու եւ քիչ ջանքերով հաղթանակ տանելու մեջ:

«Միջազգային ֆեդերացիային մենք խնդրել էինք, որ լավագույն մրցակցին ընտրի եւ այդպես էլ ստացվեց: Մբամբան շատ լավ էր պատրաստվել մենամարտին: Իմ մեջ շատ էր նոկաուտ անելու ցանկությունը, այդ պատճառով մի քիչ լարված էի, բայց լավ է, որ նոկաուտ չեղավ` հետո կարող էին մեղադրել, թե թույլ մրցակից էր»,- նշեց Դարչինյանը:

Երեւանյան մենամարտի կազմակերպման եւ անցկացման ֆինանսական կողմի մասին Դարչինյանը թվեր նշել չցանկացավ, սակայն հայտարարեց, որ ինքն ավելի շատ գումար է ծախսել, քան ստացել է: Դարչինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր հովանավորներին եւ շեշտեց, որ առանց նրանց օգնության պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկոն Երեւանում չէր կայանա:

Առաջիկա ծրագրերի մասին Դարչինյանը նշեց, որ կարիերան ավարտելու մտադրություն դեռ չունի, առաջիկա մենամարտն էլ տեղի կունենա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում: Պրոմոուտերներն ու հեռուստաընկերություններն արդեն բանակցում են, սակայն մրցակիցըը դեռ հստակ չէ եւ անուն ասել չի կարող:

Դարչինյանը նշեց նաեւ այն բռնցքամարտիկներին, որոնց հետ անպայման կցանկանար մենամարտել: Խոսքը Արսենիո Մորենոյի եւ Նոնիտո Դոների մասին է: