The National Interest-ը նշել է 2023-ի տասը գլոբալ ռիսկերը ԱՄՆ-ի եւ ամբողջ աշխարհի տեսակետից։

Պոլիճգնաժամն ուկրաինական պատերազմի պատճառով

Էնդշպիլն Ուկրաինայում եւ ինչպես ու երբ այն տեղի կունենա, հանելուկ է մնում։ Այնուամենայնիվ, պոլիճգնաժամային հանգույցը, որն առաջ է եկել պատերազմի հետեւանքով՝ էներգետիկ եւ պարենային անվտանգության բացակայություն, գնաճ, տնտեսական անկում, կարող է Արեւմուտքին «հոգնեցնել» Ուկրաինայից՝ սպառնալով կենսականորեն կարեւոր աջակցությանը։ Ձմռան գալով եւ պատերազմի տեմպերի դանդաղմամբ Պուտինն, անկասկած, կուժեղացնի հյուծման իր ռազմավարությունը՝ հարձակվելով Ուկրաինայի էներգետիկ եւ ջրային ենթակառուցվածքի վրա, փորձելով ստիպել Ուկրաինային փլուզվել որպես գործող պետություն, մինչեւ որ կորուստները ստիպեն նրան հաշտվել որոշ պարտության հետ։

Բանակցությունների ճանապարհով լուծումը կամ անգամ հրադադարը եւ ամուր խաղաղությունը դեռեւս ժամանակավրեպ են, որովհետեւ երկու կողմերն զգում են, որ կարող են հաղթել։ Կիեւը հրապարակել է 10 կետից բաղկացած խաղաղության պլան G20-ի նոյեմբերյան հանդիպման ժամանակ։ Նա պահանջել է, որպեսզի Ռուսաստանը հեռանա Ուկրաինայի ամբողջ ինքնիշխան տարածքից եւ փոխհատուցի վնասը. ըստ էության, նա Պուտինին կոչ է անում լիակատար կապիտուլյացիայի։ Գործոնները հակասական են. մի կողմից՝ Կիեւը ԱՄՆ/ՆԱՏՕ-ին խնդրում է ավելի արդիական  զենք ուղարկել, այդ թվում հեռահար, ինչպիսին են բանակային տակտիկական հրթիռային համալիրները եւ հակահրթիռային պաշտպանության համակարգերը, մյուս կողմից՝ ԱՄՆ Կոնգրեսի որոշ անդամներ ցանկանում են սահմանափակել Ուկրաինային աջակցությունը։

Պատերազմը բազմաթիվ փոխկապակցված ռիսկեր է ծնում. դրանցից են շարունակվող եւ փակուղի մտած հակամարտությունը, էսկալացիան, եթե ԱՄՆ/ՆԱՏՕ-ն Կիեւ ուղարկի լրացուցիչ առաջավոր սպառազինություններ՝ ի պատասխան ռմբակոծությունների, Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը, եթե Կիեւը փորձի գրավել Ղրիմը, Եվրոպայում «Ուկրաինայից հոգնելը» ռեցեսիայի սկսմամբ եւ տարաձայնությունները ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ ռազմական օգնության, որը շարունակում են ցուցաբերել Ուկրաինային, որակի եւ քանակի հարցում։

Պարենային անվտանգության բացակայության խորացումը

Համաշխարհային պարենային ծրագիրը (ՀՊԾ) ի հայտ է բերել սովի եւ կիսասոված մնալու «հրե օղակ», որը տարածվում է ամբողջ աշխարհով՝ Կենտրոնական Ամերիկայից եւ Հայիթիից մինչեւ Հյուսիսային Աֆրիկա, Սախել, Գանա, Կենտրոնաաֆրիկյան Հանրապետություն եւ Հարավային Սուդան, այնտեղից էլ՝ արեւելք, մինչեւ Աֆրիկյան եղջյուր, Սիրիա եւ Եմեն, Պակիստան ու Աֆղանստան։

Պարենի սուր անբավարարությանը բախված մարդկանց թիվը 2019-ից կտրուկ ավելացել է՝ 135 միլիոնից հասնելով 345-ի։ Անգամ եթե պատերազմն Ուկրաինայում լուծվի խաղաղ ճանապարհով եւ Ուկրաինայից ցորենի ապագա մատակարարումներին ոչինչ չսպառնա, պարենի անբավարարությունը, միեւնույն է, կմնա։

Հակամարտությունից բացի, կլիմայի փոփոխությունը, որն առաջ է բերում երաշտներ,  տեղումների բնույթի փոփոխություններ, պարենային անվտանգության բացակայության մյուս պատճառն է եւ հազիվ թե արդյունավետորեն մեղմվի 2023թ.։ Դիզվառելիքի եւ պարարտանյութերի գների կտրուկ աճը, Ուկրաինայում պատերազմի պատճառով խորացող շղթայական խնդիրները (բերքի մատակարարումը շուկա եւ մսի/թռչնամսի վերամշակումը) հանգեցրել են ծախսերի ավելացման անասուններին կերակրելու հարցերում։ Հումանիտար օգնության ծախսերն ավելանում են գնաճի պատճառով. լրացուցիչ գումարը, որը ՀՊԾ-ն այժմ օգտագործում է օպերացիոն ծախսերի վրա, մինչ այժմ թույլ կտար կերակրել 4 մլն մարդու մեկ ամսվա ընթացքում։

Հեղաշրջումները եւ առճակատումն Իրանի հետ

Ինչպես եւ Ուկրաինայում պատերազմի պարագայում, աննախադեպ ժողովրդական ապստամբությունը կարող է Իրանը վերածել պոլիճգնաժամի։ Աստղերն արդեն գուշակում են Թեհրանի հետ ԱՄՆ-ի եւ/կամ Իսրայելի նոր հակամարտտության մասին։ Իրանի հետ միջուկային գործարքը, որը հաջողության եզրին էր ընդամենը մի քանի ամիս առաջ, այժմ անգործության է մատնված, եթե չասենք՝ «մահացել» է։ Իրանն արագացնում է բարձր հարստացված ուրանի արտադրությունը, եւ ընդամենը մի քանի շաբաթ հետո այն բավական կլինի ռումբ արտադրելու համար։

Իրանի կողմից Ռուսաստանին անօդաչուներ եւ հրթիռներ տրամադրելը առճակատման նոր չափում է ավելացնում եւ մղում նոր պատժամիջոցների։

Իսրայելում նոր ծայրահեղ աջ կառավարությունը եւ Միացյալ Նահանգների հանրապետական Ներկայացուցիչների պալատը  կուժեղացնեն ճնշումը՝ Ֆորդոյի հարստացուցիչ գործարանը, ինչպես նաեւ իրանական հրթիռային եւ անօդաչուներ արտադրող օբյեկտները սաբոտաժի ենթարկելու կամ ռմբակոծելու համար Ի պատասխան՝ Իրանը կարող է հարված հասցնել սաուդյան նավթային օբյեկտներին կամ լցանավերին Հորմուզի նեղուցում՝ խախտելով նավթի տեղաշարժը հակամարտության թեժացմանը զուգընթաց։ Ժողովրդական բողոքները՝ թեոկրատիայի հեղինակազրկմամբ, այնքան էլ հավանական իրադարձություն չեն՝ շատ լուրջ հետեւանքներով, որը կարող է փոխել աշխարհաքաղաքականությունը առանց այդ էլ անհանգիստ Մերձավոր Արեւելքում։

Զարգացող երկրների պարտքային ճգնաժամի խորացումը

ՄԱԿ Զարգացման ծրագիրը (ՄԱԿ ԶԾ) նախազգուշացրել է, որ ցածր եւ միջին եկամուտ ունեցող 54 երկիր «լուրջ պարտքային խնդիրներ» ունի։ Այդ երկրներին բաժին է ընկնում աշխարհի բնակչության 18 տոկոսը, ծայրահեղ աղքատության մեջ ապրող մարդկանց 50 տոկոսը, եւ աշխարհի 50 երկրներից 28-ը, որոնք ամենախոցելին են կլիմայի փոփոխության հարցում։ Պատմականորեն ստացվել է այնպես, որ պարտքի բեռի թեթեւացումը տեղի է ունեցել «չափազանց ուշ»։ Վճարունակության խնդիրները սկզբից եւեթ հաճախ սխալմամբ ընդունվել են որպես լիկվիդայնության խնդիրներ, ինչը հանգեցրել է ձգձգվող պարտքային ճգնաժամերի՝ լուրջ տնտեսական հետեւանքներով։ Եկամուտի ցածր մակարդակ ունեցող երկրները, ինչպիսին են Սոմալին եւ Զիմբաբվեն, գտնվում են աղետալի տնտեսական վիճակ ունեցող երկրների ցուցակի վերին մասում, որը կազմել է ՄԱԿ ԶԾ-ն, բայց Oxford Economics-ի գնահատմամբ՝ շատ երկրներ, որոնցում շուկան ձեւավորվում է, կհաղթահարեն փոթորիկը, քանի որ արդեն կրճատել են ծախսերն անկման ցիկլի սկզբում։ Ահավոր ֆինանսական դրությունը զարգացող պետությունների մեծ մասում վատ նշան է ՄԱԿ նպատակներին հասնելու համար՝ մինչեւ 2030թ. կայուն զարգացման հասնելու ոլորտում։ Դրա փոխարեն 2023թ. զարգացող աշխարհը, հավանաբար, կբախվի մեծ աղքատության, փոքր բարելավումների կրթության հարցում եւ կլիմայի փոփոխությունների դեմ պայքարի ունակության նվազման։

Ինչպես ոչ ֆինանսական ընկերությունների կորպորատիվ պարտքը (88 տրլն դոլար, համաշխարհային ՀՆԱ մոտ 98 տոկոսը), այնպես էլ պետությունների, կորպորացիաների եւ տնային տնտեսությունների ընդհանուր պարտքը (290 տրլն դոլար 2022թ. երրորդ եռամյսակի դրությամբ) ավելանում է վերջին չորս-հինգ տարիներին, վկայում են Ֆինանսների միջազգային ինստիտուտի տվյալները։

Ցածր տոկոսադրույքների (որոշ դեպքերում՝ բացասական) մի քանի տարիները, որոնք սնուցել են «հեշտ փողեր», օգնել են բացատրել այս իրավիճակը։ Չնայած ընդհանուր ցուցանիշը փոքր-ինչ իջել է, բարձր տոկոսադրույքների, ուժեղ դոլարի, Եվրոպայում ռեցեսիայի, Չիանստանում թույլ տնտեսության եւ Ուկրաինայում անորոշության պոլիճգնաժամը հրահրում է նոր տարածաշրջանային կամ անգամ գլոբալ ֆինանսական ճգնաժամ։

Պարտքի մեծությունը շատ ավելին է, քան 2007-2008թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, իսկ ֆիսկալ պայմանները ՏՀԶԿ հիմնական երկրներում ավելի պրագմատիկ են։ Էլ ավելի մեծ տագնապ է առաջացնում միջազգային համագործակցության նվազող մակարդակը, որն անհամեմատ ավելի քիչ բարեհաճ է, քան 2008թ.։

Քիչ հավանական է, որ հանրապետական Կոնգրեսը հավանություն կտա ԱՄՀ եւ Համաշխարհային բանկի ծախսերի ավելացմանը, որոնք անհրաժեշտ են դեֆոլտները կանխելու եւ պարտքի վերակառուցման համար, հատկապես զարգացող երկրներում, բայց եւ պոտենցիալ առումով՝ Իտալիայում։

G20-ը կարեւոր դեր է խաղացել 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ, բայց, դատելով Բալիի նոյեմբերյան հանդիպումից, պարտքերի կառավարման ջանքերի համախմբումը բավարար չէ։ Չինաստանը՝ զարգացող երկրների ամենամեծ վարկատուն, նախընտրում է պարտքերը կառավարել երկկողմ հիմքով, իսկ լարված ամերիկա-չինական կապերը ենթադրում են, որ Պեկինը հազիվ թե համագործակցի Վաշինգտոնի հետ, ինչպես եղավ 2008-ին։

Նոր խոշոր ֆինանսական ճգնաժամ հրահրող կայծերը կարող են առաջ գալ մեկ կամ մի քանի զարգացող պետությունների կամ Իտալիայի դեֆոլտի սպառնալիքների, Lehman Brothers-ի տիպի կորպորատիվ կործանման կամ խուճապի պատճառով, եթե Ուկրաինայում պատերազմը հասնի միջուկային մակարդակի։

Գլոբալ համագործակցության դեֆիցիտի խորացումը

Գլոբալ ռիսկերը՝ սկսած կլիմայի փոփոխությունից եւ ամենաքիչ զարգացած երկրների պարտքից, վերջացրած տիեզերական աղբով, ավելանում են՝ կապված այն բանի հետ, թե ինչպես է ուժեղացող մրցակցությունը խոշոր տերությունների միջեւ դժվարացնում համագործակցությունն ընդհանուր գլոբալ խնդիրների հարցում։ Նախագահ Ջո Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի G20-ի նոյեմբերյան հանդիպումից հետո երկու ղեկավարները պայմանավորվել են վերականգնել երկկողմ բանակցությունները կլիմայի փոփոխության վերաբերյալ։ Սակայն հերթական բախումը Թայվանի պատճառով, հավանաբար, կդադարեցնի այդ ջանքերը։ Բազմակողմ առեւտրային համակարգը խիստ հյուծվել է, ինչպես վերջերս զգուշացրեց Առեւտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո-Իվեալան, չնայած խոշոր տերությունների պրոտեկցիոնիզմի եւ ինքնաբավության խնդիրները կդանդաղեցնեն տնտեսական աճը բոլոր երկրներում։

Մյուս ինստիտուտները անարդյունավետ դուրս եկան. «Մեծ քսանյակը» չի շտապում հարթել առավել տուժած երկրների աճող պարտքային ճգնաժամերը , ինչպիսին են Բանգլադեշը, Պակիստանը, Շրի Լանկան եւ այլն։

Բազմակողմ ինստիտուտների հետագա գործողությունների բացակայության պայմաններում Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո տիրող արեւմտյան լիբերալ կարգի լեգիտիմությունը կթուլանա, հատկապես Գլոբալ հարավի շատ երկրների աչքում, որոնք այժմ տեսնում են, որ իրենց արագ տնտեսական զարգացման շանսերը նվազում են։

Տնտեսական նացիոնալիզմի եւս մեկ հետեւանքն է (որը հանգեցնում է համագործակցությունից հրաժարվելուն) միջազգային կարգի հատվածայնացումը տարածաշրջանային կլաստերներում եւ անարդյունավետ մրցակցային նորմերն ու չափորոշիչները։ Բազմակողմ համակարգի փլուզումը միայն ավելացնում է աղքատության, նացիոնալիզմի եւ հակամարտությունների հավանականությունը։

Տեխնոբեւեռացված եւ հատվածայնացված համակարգ

Boston Consulting Group-ի գնահատականներով, եթե խոշոր տերությունները փորձեն հասնել լիածավալ ինքնաբավության կիսահաղորդիչների հարցում, ինչպես ցանկանում է անել Բայդենի վարչակազմը, նախնական ներդրումները կարող են հասնել 1 տրլն դոլարի, իսկ չիպերը կարժենան 35 դոլար։

Կախված այն բանից, թե ինչպես է թեժանում չին-ամերիկյան տեխնոլոգիական պատերազմը, Չինաստանին հասանելի չեն լինի օտարերկրյա շատ ապրանքներ, եւ նա ստիպված կլինի դա փոխարինել չինական արտադրության ապրանքներով, ինչը կթուլացնի համաշխարհային ստանդարտները պահպանելու ազդակը։

McKinsey Գլոբալ ինստիտուտի հետազոտությունը ցույց է տվել, որ 81 մշակվող տեխնոլոգիաների ուսումնասիրման համար Չինաստանը մինչ այժմ օգտագործում է գլոբալ չափորոշիչները դրանց ավելի քան 90 տոկոսի դեպքում։ Այդ դեպքերի մեծ մասում Պեկինը հենվում էր օտարերկրյա բազմազգ ընկերությունների վրա՝ ստանալով անհրաժեշտ ռեսուրսների 20-40 տոկոսը։ Քանի որ կիսահաղորդիչները էլ ավելի մեծ դեր են խաղում սպառողական բոլոր ապրանքներում եւ ոչ միայն էլեկտրոնիկայում կամ բարձրտեխնոլոգիական սարքավորումներում, արդյունաբերական բոլոր ապրանքների շուկաները, ամենայն հավանականությամբ, կհատվածայնացվեն, ինչը կհանգեցնի ծախսերի ավելացման (իմա՝ գնաճի) եւ ընտրության նվազման սպառողների համար։

ԱՀԿ տվյալներով՝ ավելի երկարաժամկետ հեռանկարում համաշխարհային տնտեսության բաժանումը երկու ինքնավար՝ արեւմտյան եւ չինական բլոկների կհանգեցնի համաշխարհային ՀՆԱ նվազման առնվազն 5 տոկոսով, ինչն ավելի վատ է, քան 2007-08թթ. ֆինանսական ճգնաժամի վնասը։ ԱՄՀ մոդելավորումը ցույց է տալիս, որ «աճի հեռանկարները զարգացող երկրների համար՝ այսպիսի սցենարի դեպքում, մռայլ կլինեն, իսկ նրանց մի մասը կբախվի բարեկեցության երկնիշ կորստի»։

Կլիմայի փոփոխության հետեւանքների վատթարացում

COP27-ն ավելի շուտ ավարտվեց հիասթափությամբ, այլ ոչ թե ձեռքբերում ապահովելու զգացմամբ։ Հանածո վառելիքից փուլային հրաժարման կոչերը արգելափակվեցին նավթ արդյունահանող պետությունների կողմից, չնայած նպատակը մինչեւ 1,5°C-ով ջերմաստիճանի բարձրացումը սահմանափակելն էր։

Գիտնականների մեծ մասի կարծիքով՝ աշխարհը շուտով հասնելու է 1,5°C բարձրացմանը, եւ մենք գտնվում ենք 2,2 աստիճանով հնարավոր բարձրացման ճանապարհին, եթե երկրները պարտավորություն չստանձնեն 43 տոկոսով կրճատելու ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները։

Ավելի շոգ կլիման նշանակում է ավելի երկարատեւ երաշտներ եւ հեղեղումներ, ինչպես նաեւ տեղումների բնույթի վտանգավոր փոփոխություններ, որոնք կարող են նվազեցնել գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը։

Չնայած հաճախակիացած ծայրահեղ եղանակային երեւույթներին, որոնք առնչվում են ոչ միայն աղքատ, այլեւ բոլոր երկրներին, կլիմայի փոփոխությունները դեռեւս մնում են առաջնահերթ խնդիր արդյունաբերական առումով զարգացած Արեւմուտքի համար։

Լարվածության խորացումն ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ

Չնայած Բայդենի եւ Սիի նոյեմբերյան գագաթաժողովին, որտեղ երկու ղեկավարները հարաբերությունները կայունացնելու ջանքեր են գործադրել, պահպանվում են հիմնարար տարաձայնություններ Թայվանի, տեխնոլոգիական կանոնների եւ չափորոշիչների, առեւտրի, մարդու իրավունքների եւ Հարավչինական եւ Արեւելաչինական ծովերում Պեկինի ագրեսիայի առնչությամբ։

Առեւտրի, կլիմայի վերաբերյալ եւ զինվորականների միջեւ երկխոսության նախնական վերականգնումը սկսվել է, բայց անկայուն նացիոնալիզմը երկու կողմերում էլ կարող է խափանել ցանկացած ձեռքբերում։ Մինչ այժմ Պեկինի պատասխանը Բայդենի վարչակազմի մտցրած արհեստական բանականության, գերհամակարգչային չիպերի եւ դրանց արտադրության սարքավորումների արտահանման արգելքին եղել է այն, որ ԱՄՆ-ի դեմ բողոք է ներկայացրել ԱՀԿ եւ նախատեսում է լրացուցիչ 143 մլրդ դոլար ներդնել իր կիսահաղորդչային արդյունաբերությունում։

Այս միջոցներն ուղղված են այն բանին, որպեսզի Չինաստանը խեղդի առաջավոր տեխնոլոգիաների զարգացումը։ Այն դեպքում, երբ գոյություն ունի Չինաստանի հանդեպ երկկուսակցական հակակրանք, նոր Ներկայացուցիչների պալատը, որը վերահսկում է Հանրապետական կուսակցությունը, նախատեսում է էլ ավելի ագրեսիվ ծրագիր Չինաստանի հետ պայքարում՝ Թայվանի, առեւտրի եւ մարդու իրավունքների հարցերում, ինչը կարող է խափանել Բայդենի ծրագիրը։ Չնայած մենք կարծում ենք, որ հավանականությունը, թե Չինաստանը կփորձի ստիպել Թայվանին միավորվել 2023թ. կամ մի քանի տարի հետո, չափազանց փոքր է.  Թայվանի հանդեպ քաղաքականության մասին դիտարկման սպասող օրենքը՝ ուղղված Թայվանի հետ ռազմական եւ քաղաքական կապերի ամրապնդմանը, նորից կթեժացնի «ակն ընդ ական» շոուն։ Հարաբերությունները կայունացնելու փորձերը կբախվեն լուրջ խոչընդոտների եւ կարող են խափանվել։

Ավելի վտանգավոր դրությունը Կորեական թերակղզում

Բալիստիկ հրթիռների բոլոր տեսակների (թեւավոր հրթիռներ, միջին հեռահարության շարժական հրթիռներ՝ տակտիկական միջուկային մարտագլխիկներով, միջմայրցամաքային հրթիռներ) Փհենյանի անդադրում փորձարկումները (86 փորձարկում 2022թ.) պատասխան հարված հասցնելու համար կենսունակ զինանոցի եւ հարկադրանքի ու հնարավոր հարձակման լրացուցիչ հնարավորությունների ստեղծման Հյուսիսային Կորեայի ծրագրի մի մասն են։

Յոթերորդ միջուկային փորձարկման պատրաստությունը տեւել է մի քանի ամիս, ինչի մասին նախազգուշացնում էին ԱՄՆ եւ Հարավային Կորեայի կառավարությունները։ Այնուամենայնիվ, եթե տեղի ունենա յոթերորդ փորձարկումը եւ Պեկինը վետո դնի ՄԱԿ Անվտանգության խորհդրի պատժամիջոցների վրա՝ ուղղված Հյուսիսային Կորեային պատժելուն, պառակտումն ամերիկա-չինական հարաբերություններում, հավանաբար, կխորանա։

Փհենյանի զինանոցն արդեն շատ ավելին է, քան անհրաժեշտ է փոխադարձ զսպման համար ԱՄՆ-ի եւ Հարավային Կորեայի հետ հարաբերություններում։ Նախագահ Կիմ Չեն Ընը կարող է սադրիչ գործողությունների դիմելու գայթակղություն ունենալ՝ հիմնված այն հաշվարկների վրա, որոնք կարող են առաջ բերել ճգնաժամ եւ/կամ բախում Հյուսիսի եւ Հարավի միջեւ։

Անհայտ ռիսկեր

Վերը քննարկված ռիսկերը, ըստ պաշտպանության նախկին նախարար Դոնալդ Ռամսֆելդի, «հայտնի անհայտներն են»՝ նկատելի իրադարձություններ կամ միտումներ, որոնց հնարավոր հետագծերը կարելի է գնահատել։

Դրանցից զատ գոյություն ունեն մի շարք «անհայտ հայտնիներ»՝ իրադարձություններ, որոնք մենք չենք կարող կանխատեսել եւ որոնք կարող են աղետալի հետեւանքներ ունենալ։

Դրանց թվում են.  գերհրաբխի ժայթքումը (Յելոուսթոուն, Ինդոնեզիա, Ճապոնիա); 6 մղոն լայնությամբ հսկա աստղակերպը, որը ոչնչացրել է դինոզավրերին 66 մլն տարի առաջ; արեւային փոթորիկը՝ կորոնալ զանգվածի ներարկումը Երկիր կարտանետի ավելի մեծ քանակությամբ մագնիսալիցքավորված մասնիկներ, որոնք կարող են շարքից հանել էներգահամակարգերը շաբաթներով կամ ամիսներով; ռադիոկատիվ գամմա-բռնկումները խոր տիեզերքից։

Ինչպես տեսանք COVID-19 համավարակի օրինակով, հազարավոր վիրուսներ մեր մոլորակում կարող են առաջ բերել ապագա համավարակներ, որոնցից մի քանիսին դիմակայելն ավելի դժվար կլինի, քան COVID-ին։