ԼՂ հարցի ճանաչման վերաբերյալ Ուրուգվայի արտգործնախարարի հայտարարությունը բացառիկ է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական համաժողովի ՀՀ ԱԺ պատվիրակ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ով այս օրերին գտնվում է Ուրուգվայի մայրաքաղաք Մոտնեվիդեոյում։
«ՀՅԴ-ի եւ Հայ Դատի համար այս հայտարարությունը անակնկալ չէր, քանի որ հայտարարությունը երկար տարիների եւ ամիսների աշխատանքի արդյունք է։ Մենք այսքանով չենք սահմանափակվելու, շարունակելու ենք աշխատանքը, որպեսզի այն պետական որոշում դառնա»,-ասաց Հովհաննիսյանը։
Ըստ նրա՝ արտգործնախարար Լուիս Ալմագրոն մասնավորապես ասել է, որ Մոնտեվիդեոն այսօր քննարկում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման իրենց համար ճիշտ տարբերակները։ «Լուիս Ալմագրոն նաեւ արտահայտեց խնդրի լուծման վերաբերյալ իր անձնական տեսակետը՝ նշելով, որ ԼՂ խնդրի լուծման համար կամ անկախություն է անհրաժեշտ կամ Հայաստանի հետ միացում, քանի որ այդ տարածքը պատմականորեն պատկանել է Հայաստանին։ Պարոն արտգործնախարարն այս հայտարարությունը կատարեց Ուրուգվայի խորհրդարանում, որտեղ ներկա են նաեւ երկրի փոխնախագահը, խորհրդարանի նախագահը, խորհրդարանականներ եւ լրագրողներ»,- տեղեկացրեց խորհրդարանական քննարկման հայաստանյան պատվիրակը։
Հովհաննիսյանի խոսքով՝ Հայաստան-Ուրուգվայ խորհրդարանական համաժողովը անդրադառնալու է նաեւ երկու երկրների տնտեսական եւ գիտական կապերին։ Ներկայումս խորհրդարանական քննարկումը դեռեւս չի ավարտել իր աշխատանքը։
Ուրուգվայի արտգործնախարարը ընդգծել է նաեւ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի պատմական մասն է, եւ իրենք այսօր ուսումնասիրում են պետական որոշումով համաձայնություն կայացնելու եւ ճանաչման հարցը։
Հիշեցնենք, որ Ուրուգվայը նաեւ աշխարհում առաջինն է պետականորեն ճանաչել 1915թ. Թուրքիայում հայերի նկատմամբ կազմակերպված կոտորածները, որպես Ցեղասպանություն։




























