12 երկրների, ներառյալ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի եւ Եվրամիության մի ամբողջ շարք երկրների արտաքին գործերի նախարարները կոչ են արել Աֆղանստանում թալիբների գլխավորած կառավարությանը չեղարկել հումանիտար օգնության ցուցաբերման խմբերում կանանց աշխատանքի արգելքը։

«Թալիբների ոչ խելամիտ եւ վտանգավոր հրամանը, որով արգելվում է ազգային եւ միջազգային ոչ կառավարական կազմակերպություններում կանանց աշխատանքը, վտանգի է ենթարկում միլիոնավոր աֆղանստանցիների, որոնք չեն կարող ապրել առանց հումանիտար օգնության»,- նշվել է ԱՄՆ-ի, Ավստրալիայի, Կանադայի, Դանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Նորվեգիայի, Շվեյցարիայի, Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների եւ ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների հայտարարությունում։

Դիմումը ստորագրած երկրների ներկայացուցիչները «Թալիբանին» կոչ են արել չեղարկել այդ որոշումը։

«Թալիբանը» շարունակում է անհարգալից վերաբերմունքը աֆղանստանցի ժողովրդի, հատկապես կանանց եւ աղջիկների  իրավունքների, ազատությունների եւ բարեկեցության հանդեպ, եւ ցուցադրել, որ միջազգային հանրության հետ նորմալ հարաբերություններով հետաքրքրված չէ,- նշվել է հայտարարությունում։- Մենք «Թալիբանին» կոչ ենք անում հարգել Աֆղանստանում կանանց եւ աղջիկների քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքները»։