Հոգեբան Սամվել Խուդոյանը հակված է կարծելու, որ Արարատում իր երկու երեխաներին սպանած մայրն ակնհայտ հոգեկան խանգարում ունի: Նա այդ արարքը պայմանավորում է բացառապես անհատի հոգեկան շեղումներով, մինչդեռ դրամատուրգ Կարինե Խոդիկյանը դեպքը մեծապես պայմանավորում է ոչ միայն մանկասպան մոր ֆոբիաներով ու սոցիալական վիճակով, այլ նաեւ հասարակական անտարբերությամբ։ Նման տեսակետեր բանախոսները հայտնեցին սեպտեմբեր 12-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ
։«Այն, ինչ մի քանի օր առաջ կատարվեց Արարատում, հայ հասարակությունում տիպիկ երեւույթ չէ։ Սպանությունն արդարացնելու բոլոր դրդապատճառները՝ սոցիալական վատ վիճակ եւ այլն, կեղծ են»,- համոզմունք հայտնեց Խուդոյանը՝ նկատելով, որ կինը երեխաներին սպանելու փոխարեն կարող էր ողորմություն խնդրել կամ մարմնավաճառությամբ զբաղվել։ Հոգեբանը նաեւ տեսակետ հայտնեց, որ ինքը չի կարծում, թե սոցիալական իրավիճակը կարող է հանգեցնել ագրեսիվության, դրա արդյունքում նաեւ մանկասպանության։Դրամատուրգ Կարինե Խոդիկյանն իր հերթին նկատեց, որ արարատցի կնոջն այդ քայլին կարող են դրդած լինել ինչպես մանկական ֆոբիաները (հայրացուն տարիներ առաջ կացնահարել է նրա մորը, ինչից հետո կինը հայտնվել է մանկատանը) եւ սոցիալական բարդ կացությունը, այնպես էլ շրջապատի մարդկանց անտարբերությունը։
«Մեր հասարակությունն ամեն ինչ է, բացի մարդկային լինելուց, մեր հասարակությունն ամեն ինչ է, բացի քրիստոնեական հանդուրժողականությանը մերձ լինելուց»,- նկատեց դրամատուրգը։
Ամփոփելով՝ Խոդիկյանը նշեց, որ ինքը չէր ցանկանա՝ մանկասպան Ռոզա Ալոյանը կատարվածից հետո սթափվեր եւ գիտակցեր իր քայլի դաժանությունը։ «Իսկ եթե խոսում են նրա՝ աղանդավոր լինելու մասին, ապա այստեղ մեղավարությունը, հասարակությունից զատ, եկեղեցունն է»,- ասաց նա։
Նշենք, որ օրեր առաջ Արարատում 34-ամյա Ռոզա Ալոյանը խեղդամահ էր արել իր երկու մանկահասակ երեխաներին՝ 6-ամյա Վարդան եւ 4-ամյա Հայկ Ալոյաններին։ Նրա տանը մանկական Աստվածաշունչ են գտել, սակայն որեւէ տեղեկություն չկա, որ նա աղանդավոր է:




























