Սեպտեմբերի 12-ին Բաքվից Նախիջեւան են ուղեւորվել թվով 20 լրագրողներ եւ իրավապաշտպաններ, որոնք անհանգստացած են Նախիջեւանում ստեղծված իրավիճակով: Այդ մասին հայտնել է Լրագրողների ազատության եւ անկախության ինստիտուտի նախագահ Էմին Հուսեյնովը, հաղորդում է ադրբեջանական «Մուսավաթ» թերթը:

Նրա խոսքով, այցի նպատակն է ներկա լինել Նախիջեւանում գործունեություն ծավալած իրավապաշտպան Հեքիմելդոսթու Մեհթիեւի դատական գործընթացին եւ ծանոթանալ ինքնավար հանրապետությունում տիրող իրադրությանը:

Էմին Հուսեյնովն ասել է, որ մինչ այժմ Բաքվից եւ օտար երկրներից Նախիջեւան գնացած իրավապահները եւ լրագրողները արտաքսվել են, եւ այնտեղ գնալը մտահոգիչ է:

«Ես անհանգստանալու առիթ չունեմ: Նախիջեւանն Ադրբեջանի բաղկացուցիչ մասն է: Ինչպես այլ շրջաններ ենք ուղեւորվում, այնպես էլ Նախիջեւան կարող ենք գնալ: Այնտեղ Ադրբեջանի կանոններն են գործում: Ամեն դեպքում կարծում եմ, որ լուրջ խնդիրներ չեն առաջանա: Եթե արտաքսեն, ապա մեր զեկույցում կգրենք, որ արտաքսել են»,-նշում է իրավապաշտպանը:

Այցն իրականացվում է Նորվեգիայի ԱԳ նախարարության կողմից հովանավորվող նախագծի շրջանակներում: