Ազգային Ժողովի հանրապետական պատգամավոր, ՀԱԿ-իշխանություն բանակցություններում կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը չի բացառում, որ ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսը երկխոսությունը դադարեցնելուց հետո իրավիճակի սրման գնա: Այդ մասին Դավիթ Հարությունյանը հայտնեց NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում:

Մեկնաբանելով սեպտեմբերի 9-ին ՀԱԿ-ի հանրահավաքում Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը, թե «մոտակա օրերին Տիգրան Առաքելյանի ազատ արձակման դեպքում Կոնգրեսը պատրաստ է վերադառնալ բանակցությունների սեղանին, հակառակ պարագայում «հարկադրված կլինեն իշխանությունների հետ խոսել այլ լեզվով», Դավիթ Հարությունյանն ասաց. «Մեր արձագանքը մենք արդեն տվել ենք, երբ Կոնգրեսը հայտարարեց երկխոսության կասեցման մասին, եւ ոչինչ չի փոխվել, դա ամենեւին էլ քաղաքական հարթության խնդիր չէ, այլ իրավական հարթության խնդիր է»:

Ըստ հանրապետական պատգամավորի, լավ չէ, որ ընդդիմադիր ուժը, չի նստում բանակցությունների սեղանի շուրջ, որովհետեւ երկխոսությունն ինքնին նոր մշակույթ էր երկրի համար: «Բայց այնուամենայնիվ արձանագրելով, որ դա դրական էր, չեմ կարծում, որ կողմերից մեկը կարող է իր կամքը թելադրել մյուս կողմին, ընդ որում հարցի շուրջ, որն ընդհանրապես ոչ քաղաքական, այլ իրավական հարթության մեջ է»,- նշեց նա:

Հարցին, հնարավո՞ր են արդյոք իրավիճակի սրումներ ՀԱԿ-ի կողմից, Հարությունյանը պատասխանեց. «Այն որ ցանկություն լինելու է հավանաբար սրելու իրավիճակը, ես չեմ բացառում: Այլ խնդիր է, թե ինչպիսի արձագանք դա կստանա: Եւ կարծում եմ, որ եթե գնան անթույլարտելի սրացումների, համարժեք արձագանք կարող է լինել: Ինչ վերաբերում է կարծիք արտահայտելուն, միտինգներ կազմակերպելուն, սա իրենց իրավունքն է, եւ նրանք այդ իրավունքն իրացնում են»: