Սպիտակ տունը ցանկանում է Թուրքիայի ձեռքով «ապամոնտաժել» Իսրայելը, եւ ապագա «Ազատության նավատորմի» ռազմական աջակցության մասին Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոշտ հայտարարությունները համաձայնեցված են Սպիտակ տան հետ։ SalamNews-ին տված հարցազրույցում այս մասին ասել է Ռուսաստանի Իսլամական կոմիտեի ղեկավար Հեյդար Ջեմալը։
«Կարծում եմ՝ այս ամենը հիմնված է Սպիտակ տան հետ անդրկուլիսյան համաձայնության վրա։ Սպիտակ տունը ցանկանում է Թուրքիայի ձեռքով «ապամոնտաժել» Իսրայելը»,- ընդգծել է Ջեմալը։
Անդրադառնալով Պաղեստինի՝ որպես անկախ երկրի ճանաչման հարցին՝ նա նշել է, որ ընդհանուր առմամբ դա չի բացառվում, սակայն Իսրայելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նման որոշումն, ամեն դեպքում, չի ճանաչի։ «Պաղեստինի անկախության ճանաչումը Մերձավոր Արեւելքում կհանգեցնի լայնածավալ պատերազմի, արյունահեղությունների։ Դա շատ հարմար առիթ է»,- հայտարարել է նա։
Նրա խոսքով, պաշտոնական Անկարան պատերազմից խուսափելու հնարավորություններ չունի։ «Կարծում եմ՝ Թուրքիան անպայման կներքաշվի այդ պատերազմի մեջ»,- ասել է Ջեմալը։ Նրա կարծիքով, Պաղեստինի անկախության ճանաչման վրա վետո դնելու մասին խոսակցություններն «ուղղակի Օբամայի փորձն են հեռու մնալ Իսրայելից եւ իսրայելական լոբբիից»։
Նման կերպ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման փորձում է ցույց տալ, որ մնում է «սիոնիստական կրթության» երաշխավորը եւ հովանավորը, սակայն «իրականում ԱՄՆ-ը եւ կոնկրետ Օբաման անում է ամեն ինչ, որպեսզի արագացնի Պաղեստին պետության հայտնվելը»։




























