Անցած հանգստյան օրերին Հայաստանում գրանցվել են մի քանի լուրջ ավտովթարներ. զոհերի թվում փոքրիկ տղա կա։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, սեպտեմբերի 11-ին, ժամը 21.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 44-ամյա մի տղամարդու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նույն օրը, ժամը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս-Էջմիածին ճանապարհի 6-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 9-ամյա Հայկ   Գրիգորյանին:

Երեխան հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Նորագավիթի 1-ին փողոցում։  «Սամանդ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհով անցնող կովին:

Վարորդը  մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:

Նույն օրը «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել Կոտայքի մարզի Զովք գյուղի բնակչուհի, 68-ամյա Ջուլիետա Հունանյանին, ով ստացած մարմնական վնասվածքներից հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին, մահացել է:

Կատարվում է քննություն:

Սեպտեմբերի 12-ին եւս մեկ ավտոպատահար է գրանցվել. Աբովյան փողոցում անհայտ մակնիշի մեքենան հարվածել է 6-ամյա տղային։ Երեխային տեղափոխել են հիվանդանոց։ Կատարվում է քննություն: