Երեւանում, սեպտեմբերի 14-ին, Ֆիզիոլոգիայի ինստիտուտում (Օրբելի 22) տեղի կունենա տարածաշրջանում միակ «Ավանդական եւ Այլընտրանքային բժշկության» գիտահետազոտական ինստիտուտի բացման շնորհանդեսը:

Բացման խոսքով հանդես կգա «Ավանդական եւ Այլընտրանքային բժշկության» գիտահետազոտական ինստիտուտի հիմնադիր եւ տնօրեն պ-ն Ալի Նամավարը: Այնուհետեւ կսկսվի երկօրյա միջազգային կոնֆերանս «Ինտեգրատիվ բժշկություն» թեմայով: 

Կոնֆերանսի ընթացքում ելույթ կունենան ինչպես նորաբաց ինստիտուտի մասնագետներ, այնպես էլ հյուրեր` արտերկրից: Ելույթ ունեցողների թվում են.  Իրանի ֆլեբոտոմիայի ինստիտուտի  տնօրեն եւ «Ավանդական եւ Այլընտրանքային բժշկության» իրանյան մասնաճուղի տնօրեն պ-ն Խեյրանդիշ Հուսեինը,  Իրանի Ռեֆլեքսոթերապիայի ինստիտուտի  տնօրեն եւ «Ավանդական եւ Այլընտրանքային բժշկության» իրանյան ռեֆլեքսոթերապիայի մասնաճյուղի տնօրեն պ-ն Էսմաիլին:

Հյուրերի թվում կլինեն նաեւ ներկայացուցիչներ Կուրորտալոգիայի եւ ֆիզիկական բժշկության ինստիտուտից, է. Օրբելու անվ.ֆիզիոլոգիայի ինստիտուտից, Մնջոյանի անվ. օրգանական քիմիայի ինստիտուտից,  Ս.Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնից, «Լիտե» ինովացիոն բժշկության կենտրոնից եւ այլն:  

Կոնֆերանսի նպատակն է դասական, ավանդական եւ այլընտրանքային բժշկության այնպիսի դպրոցների` ինչպիսիք են հայկական, իրանական, ռուսական, կորեական, հոմեոպատիայի եւ այլ ուղղությունների մերձեցումը: