Արցախում սեպտեմբերի 10-ին պետականորեն նշվել է հարկադիր կատարողի օրը, որի կապակցությամբ այնտեղ է ժամանել Հայաստանի ԴԱՀԿ պատվիրակությունը:

Տոնի առթիվ նույն օրը տեղի ունեցած հանդիսավոր ժողովին մասնակցել են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար, Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Մուսայելյանը, ԼՂՀ արդարադատության նախարար Նարինե Նարիմանյանը, Գերագույն դատարանի նախագահ Արամայիս Ավագյանը, գործընկերներ Հայաստանից:

ԼՂՀ ԴԱՀԿ պետ Սամվել Շահրամանյանը ներկայացրել է կառույցում արձանագրված հաջողությունները։ Վերջին ութ ամիսներին կատարողական վարույթներով բռնագանձվել է 1,254 մլրդ դրամ, ինչը 2010 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը գերազանցում է 200 տոկոսով, իսկ 2009 թ. ցուցանիշը՝ 270 տոկոսով։ Հանդիսավոր ժողովին ներկայացվել է Հայաստանի ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի շնորհավորական ուղերձը:Մասնագիտական տոնի կապակցությամբ ԼՂՀ արդարադատության նախարարի հրամանով արցախցի գործընկերներին ցուցաբերած աջակցության համար Միհրան Պողոսյանը պարգեւատրվել է պատվավոր «Հարկադիր կատարող» կրծքանշանով։ Բարեխիղճ ծառայության համար համակարգի մի շարք աշխատակիցների շնորհվել են արտահերթ կոչումներ։ Իսկ ԼՂՀ ԴԱՀԿ պետի հրամանով ծառայողական պարտականություններն ու առաջադրանքները բարձր պատասխանատվությամբ կատարելու համար մի խումբ աշխատողներ արժանացան հուշանվերների եւ շնորհակալագրերի։