Հայաստանի երրորդ հանրապետությունն այսօր գտնվում է հոգեվարքի մեջ` չնայած իր 20 ամյակին: Նման եզրահանգման է եկել «Սարդարապատ» շարժման անդամ, ղարաբաղյան պատերազմի մասնակից Ժիրայր Սեֆիլյանը, որը նա հայտնել է սեպտեմբերի 13-ին:

«Մոտ է Երրորդ հանրապետության կործանումը, եւ մենք պետք է դա ընդունենք, որպեսզի չմնանք առկա համակարգի փլատակների տակ: Մենք պետք է այսօր եւեթ սկսենք  այլընտրանքային համակարգ ստեղծել եւ որոշենք, թե ինչպես ենք գործելու չորրորդ հանրապետության ստեղծման ժամանակ»,-ասել է Սեֆիլյանը:

Նա նաեւ նշել է, որ ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների ավարտից հետո քաղաքական վերնախավին չհաջողվեց իրականացնել իր ուղիղ գործառույթներն` ապահովել պետականության ձեւավորումը եւ ամրապնդել անկախությունը:

«Ընդհակառակը, իշխող վերնախավը իր ուժերը կենտրոնացրել է անձնական շահերի բավարարման համար, իշխանություններին չհաջողվեց ստորագրել զինադադարի ռեժիմի պահպանման մասին փաստաթուղթ, որն իսկապես կապահովեր իր առջեւ դրած նպատակների իրագործումը. «Ռազմական գործողություններում հաղթանակ տարած Հայաստանը յուրաքանչյուր կրակոցի եւ զիանադադարի ռեժիմի խախտման համար պետք է պահանջեր միջազգային պատժամիջոցների կիրառում, որը կբացառեր զինվորների կորուստը»,- ասել է նա:

Սեֆիլյանը նաեւ կարծիք է հայտնել, որ նոր հանրապետության ձեւավորման համար պետք էր խաղադրույք դնել ոչ թե առանձին անհատների, այլ քաղաքական ուժերի վրա. «Հենց այդ սկզբունքով է առաջնորդվում «Սարդարապատը»: Շարժման անդամները շեշտը դնում են սփյուքի ներկայացուցիչների վրա: Նախաձեռնողական շարժումը այլըտրանք է պատրաստում իշխող համակարգին: Մենք ցանկանում ենք միավորել գործող հայրենասիրական, կրթված մարդկանց այդ ծրագրի շուրջը, որը կյանքի կկոչվի 4-րդ հանրապետության ձեւավորումից եւ լեգիտիմ իշխանություն դառնալուց հետո»:

Նրա գնահատմամբ, գործողության ծրագրի մշակումը ավելի բարդ է, քան իշխանությունից ազատվելը. «Երկրի քաղաքացիների շրջանում հենարան չունենալով` իշխանությունները զրկվում են նաեւ սփյուռքի օժանդակությունից: Այդպիսով, իշխող ուժերին հեռացնելը դառնում է «տեխնիկայի հարց»: Ժողովուրդը կստիպի իշխանություններին հեռացնել: Ուժի կիրառումը կապված է իշխող ռեժիմից: Եթե իշխանությունները որոշեն ուժ կիրառել, ապա համապատասխան արձագանքի կհանդիպեն»: