Գերմանիայում Հայաստանի դեսպան Արմեն Մարտիրոսյանի աշխատանքային այց է կատարել Գերմանիայի Զաքսեն-Անհալթ երկրամաս, որտեղ այս տարվա մարտին կայացած երկրամասային ընտրությունների արդյունքում ձեւավորվել է երկրամասային նոր կառավարություն:
ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Զաքսեն-Անհալթի վարչապետ դոկտոր Ռայներ Հազելոֆի հետ հանդիպման ընթացքում դեսպան Մարտիրոսյանը, գոհունակություն հայտնելով 1998 թ. Հայաստանի եւ Զաքսեն-Անհալթ երկրամասի միջեւ ստորագրված «Մշակույթի, գիտության եւ կրթության բնագավառներում համագործակցության վերաբերյալ հուշագրի» իրականացման արդյունքների եւ ընթացքի առնչությամբ, ընդգծել է, որ առկա է երկկողմ համագործակցության առավել զարգացման հսկա ներուժ, հատկապես տնտեսական ոլորտում: Գիտական եւ կրթական բնագավառներում համագործակցության շուրջ ծավալված քննարկումների համատեքստում երկուստեք նշվել է այդ ոլորտի առավել ընդլայնման անհրաժեշտությունը, մասնավորապես, միջհամալսարանական կապերի սերտացման միջոցով:
Դեսպան Մարտիրոսյանը բարձր է գնահատել երկրամասի Հալլե-Վիտտենբերգի Մարտին Լյութերի անվան համալսարանում գործող «Մեսրոպ» հայագիտական կենտրոնի դերը Գերմանիայում հայագիտության ներկայացման ուղղությամբ` նշելով, որ այն կարեւոր տեղ է զբաղեցնում նաեւ միջազգային հայագիտության ընդհանուր համակարգում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին նաեւ առողջապահական ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները:Այցի շրջանակներում դեսպան Մարտիրոսյանը հանդիպումներ անցկացրեց նաեւ Զաքսեն-Անհալթի երկրամասի մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ:
Մշակույթի նախարար պարոն Շտեֆան Դորգերլոհի հետ հանդիպմանն անդրադարձ կատարվեց գիտության եւ մշակույթի ոլորտում առկա համագործակցության ներկա փուլին եւ հետագա զարգացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին: Այդ համատեքստում գոհունակությամբ նշվել է, որ 2006 թվականից ի վեր 110 ուսուցիչներ եւ աշակերտներ հյուրընկալվել եւ վերապատրաստվել են երկու երկրներում: Գերմանական կողմը ներկայացրել է ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրված «Մշակութային ժառանգության պահպանման» վերաբերյալ պայմանագրի հիման վրա հնագիտական ուսումնասիրությունների բնագավառում տարվող աշխատանքներն ու արդյունքները: Հայկական կողմին է հանձնվել Գերմանիայում լույս տեսած «Հնագիտությունը Հայաստանում» գիրքը` հայերեն, անգլերեն եւ գերմաներեն:




























