Չնայած դիվանագիտական հարաբերությունների եւ բարձր մակարդակով քաղաքական շփումների բացակայությանը,Ռուսաստանը կարող է ամրապնդել իր տնտեսական ներկայությունը Վրաստանում: Այս աշնանը վրացական խորհրդարանը կարող է հանել օտարերկրացիներին ռազմավարական օբյեկտներ վաճառելու մասին արգելքը: Դրա մեջ են մտնում նաեւ Ռուսաստանը եւ Հայաստանը կապող գազամուղը, երկաթուղագիծը եւ պետական էներգետիկ համակարգը: Մինչեւ 2008 թ. ռուս-վրացական պատերազմը այդ բոլոր օբյեկտների հանդեպ հետաքրքրություն էր դրսեւորում Մոսկվան, գրում է «Մոսկովսկիյե նովոստին»:

Նախորդ ուրբաթ Վրաստանում իշխող «Միասնական ազգային շարժում» կուսակցության պատգամավորները նախաձեռնել են Պետական գույքի մասին օրենքում փոփոխություններ մտցնելու վերաբերյալ ֆինանսա-բյուջետային հանձնաժողովում քննարկումներ սկսելու գործընթացը: Գործող օրենսդրության համաձայն, ռազմավարական օբյեկտների 100 տոկոսը պատկանում է պետությանը:

Պատգամավորները առաջարկել են բացառություն անել գազամուղի, երկաթուղագծի եւ էներգետիկ համակարգի համար: Ընդդիմությունը համոզված է, որ դրանց ձեռքբերման հիմնական հավակնորդը Ռուսաստանն է լինելու: