Նույն հարցի վերաբերյալ տարբեր գերատեսչություններից ստացված  տեղեկատվությունը հաճախ բավականին շատ է տարբերվում, իսկ երբեմն հակասությունն այնքան մեծ է, որ հանրավոր չէ հասկանալ, թե առհասարակ ինչ է կատարվել:

Հերթական նման զավեշտալի օրինակն ԱԻՆ–ի եւ ոստիկանության հաղորդագրություններն էին սեպտեմբերի 12 –ի գիշերը կատարված պատահարի մասին:

ԱԻՆ մամուլի ծառայության տվյալով` ժամը մոտ 02:39-ին տեղեկատվություն է ստացվել Նորագավիթի շրջանում ավտոճանապարհային պատահարի մասին: «Ծովակ» տաքսի ծառայության «Սամանդ» մակնիշի մեքենան բախվել է էլեկտրասյանը: Սյունն ընկել է ճանապարհի երթեւեկելի մասում: Դեպքի վայր ժամանած փրկարարներն այն հեռացրել են ճանապարհից: Զոհեր եւ տուժածներ չկան: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության` նույն օրը, ժամը մոտ 03:30-ին նույն շրջանում «Սամանդ»  մակնիշի ավտոմեքենան ճանապարհն անցնող կովի է խփել:  Վարորդը հոսպիտալացվել է:  Հասկանալի չէ սակայն, թե ինչպես է կովն այդ ժամին հայտնվել փողոցում:

Հայացքների «տարբերությունը» հազվադեպ երեւույթ չէ: Շատ հաճախ էապես տարբերվում են ԱՃՊ-ի մասնակիցների տվյալները` անուն, ազգանուն, տարիք: Իրավիճակն ավելի ինտրիգող է դառնում, երբ  գերատեսչությունները հերքումներ են փոխանակում:  Այսպես, վերջերս Ոստիկանությունը հայտնեց, որ մի կին մտադիր է ինքնահրկիզվել Գլխավոր դատախազությունում:  Հաջորդ օրը Գլխավոր դտախազությունում, ճիշտ է, ոչ պաշտոնապես,  հերքեցին այդ տեղեկությունը:

Նման  անհամապատասխանությունները, սակայն,  վստահություն չեն ներշնչում տեղեկատվության եւ նրա աղբյուրների նկատմամբ: Այդ համատեքստում, թվում է, ավելի ճիշտ կլիներ, որպեսզի շահագրգիռ գերտեսչությունները սկսեն համակարգել աշխատանքը, թեկուզ գոնե` մամուլի ծառայությունների: