Հայաստանի Ազգային ժողովի գործարար պատգամավորները մտադիր են առաջադրվել խորհրդարանական առաջիկա ընտրություններին, թեպետ նրանց էլ են անհանգստացնում խոսակցությունները, որ իշխող հանրապետական կուսակցությունը որոշել է գործարարներին դուրս մղել խորհրդարանից:

Երեւանի թիվ 13 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով ընտրված պատգամավոր Արմեն Պուրտոյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում, պատասխանելով հարցին, թե առաջադրելո՞ւ է արդյոք իր թեկնածությունը խորհրդարանական ընտրություններին, ասել է. «Թիմը ոնց կորոշի»: Իսկ եթե թիմը որոշի, որ գործարարները չեն մասնակցելու ընտրություններին, դիտարկմանն էլ արձագանքել է. «Ուրեմն չեմ մասնակցի: Մեծամասնությունն է մեզ մոտ որոշում»:

Պատգամավոր Գրիգորի Մարգարյանն ընդհանրապես տեղյակ չէ նման խոսակցություններից, որ գործարարների մուտքն Ազգային Ժողով ցանկանում են սահմանափակել: «Հայտնեմ ձեզ, եթե խոսքը վերաբերում է ինձ, ես գործարար չեմ, ես Ազգային Ժողովի պատգամավոր եմ 2003 թվականից»,- նշեց նա` հավելելով, որ թեեւ ընտրություններին դեռ 10 ամիս կա, սակայն առաջադրվելու է, բնականաբար մեծամասնականով: Գրիգորի Մարգարյանը 2007-ին պատգամավոր էր ընտրվել Երեւանի թիվ 11 ընտրատարածքից:

Անպայման առաջադրվելու մտադրություն ունի նաեւ Շիրակի մարզի թիվ 33 ընտրատարածքից ընտրված պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, մեծամասնականով, նույն ընտրատարածքից:

«Իսկ եթե կուսակցությունը որոշի, որ գործարար պատգամավորները չեն առաջադրվելու»,- թղթակցի հարցին էլ պատգամավորը պատասխանեց. «Եթե կուսակցության խորհուրդը նման որոշում կայացնի, չեմ առաջադրվի, բայց եթե իմ ցանկությունով է, ես առաջադրվելու եմ»:

ՀՀԿ համամասնական ընտրացուցակով պատգամավոր ընտրված Նահապետ Գեւորգյանը ամենաքչախոսն էր եւ մեր հարցին միայն չոր պատասխանեց. «Կգա ժամանակը, կմտածենք»: