Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեւիդ Քեմերոնի համատեղ ասուլիսի ռուսերեն սղագրության մեջ բացակայել են Քեմերոնի առանձին արտահայտություններ, որոնք վերաբերել են Վրաստանին: Այդ հարցում Կրեմլը մեղադրել է բրիտանացի սինխրոն թարգմանչին:
«Պրակտիկայում մենք պաշտոնական թարգմանություն ենք համարում այն, թե ինչպես է արտասանում օտարերկյա հյուրի խոսքը նրա թարգմանիչը»,- «Ինտերֆաքսին» հայտնել են ՌԴ նախագահի մամուլի ծառայությունից:
Բրիտանացի լրագրողները ուշադրություն են դարձել այն բանի վրա, որ սղագրության մեջ, որը տպագրվել է Կրեմլի ռուսալեզու կայքում, չկան Քեմերոնի խոսքերը Վրաստանի մասին, այն դեպքում, երբ անգլալեզու կայքում այդ խոսքերն առկա են:
«Այս տարբերությունը կարելի է բացատրել նրանով, որ Քեմերոնի բրիտանացի թարգմանիչը այդ խոսքերը ռուսերեն չի թարգմանել: Որեւէ այլ պատճառ փնտրել պետք չէ»,- ասել են Կրեմլի մամուլի ծառայությունից:



























