Յարոսլավլում սեպտեմբերի 7-ին աղետի ենթարկված ՅԱԿ-42 օդանավի օդաչուները, հնարավոր է, լուրջ սխալ  են թույլ տվել. նրանք մոռացել են անջատել կայանման արգելակները: Բացի այդ, «սեւ արկղերի» վերծանումից պարզվել է, որ թռիչքից առաջ օդանավի հրամանատար Անդրեյ Սոլոմենցեւը հրամայել է երկրորդ օդաչու Իգոր Ժեւելովին իր ձեռքը վերցնել կառավարումը, բացատրելով, որ իրեն վատ է զգում: Այս մասին հաղորդում է «Մոսկովսի կոմսոմոլեց»-ը:

Ինչպես թերթին հայտնել է ավիաարդյունաբերության ոլորտի իր աղբյուրը, կայանման արգելակը պետք է անջատեր հենց հրամանատարը: Սակայն օդանավի կառավարությունը երկրորդ օդաչուին հանձնելու պահին օդաչուները կարող էին  չնկատել սխալը եւ ուշադրություն չդարձնել ՅԱԿ-42-ի ցուցիչների այդ հատվածին:

Չի բացառվում, որ օդաչուները անջատել են արգելակը արդեն օդանավի թռիչքի պահին: Պարզ չէ, թե ինչ պատճառով են նրանք որոշել շարունակել թռիչքը, այլ ոչ կիրառել արտակարգ արգելակում:

ՅԱԿ-42 օդանավը, որով թռչում էր հոկեյի «Լոկոմոտիվ» ակումբը, աղետի է ենթարկվել սեպտեմբերի 7-ին` Յարոսլավլի օդանավակայանում:

Աղետից հետո, օդանավում եղած 45 մարդուց կենդանի է մնացել միայն մեկը` բորտինժեներ Ալեքսանդր Սիզովը: