Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի Բունդեսթագի պատգամավորները սեպտեմբերի 12-ին հանդիպել են Հայաստանի Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները, ինչպես նաեւ Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն:
Հանձնաժողովից NEWS.am-ին հայտնում են, որ ՏՄՊՊՀ նախագահը Բունդեսթագի եւ «GIZ» -ի ներկայացուցիչներին ներկայացրել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Նա անդրադարձել է նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ գործունեության համար խիստ կարեւոր գործիքների անհրաժեշտության բացակայությանը, որոնց մասին բազմիցս նշվել է նաեւ «GIZ»-ի փորձագետների կողմից: Խոսքը վերաբերում է պատժամիջոցների մեղմման ծրագրին (հանդուրժողականության սկզբունքին), ինչպես նաեւ վաղորդյան ստուգումներ իրականացնելու լիազորությանը, որով օժտված են աշխարհի գրեթե բոլոր նմանատիպ մարմինները: Սրանք կարեւոր են այնքանով, որ հնարավորություն են տալիս արդյունավետ պայքարել մրցակցության խոչընդոտների դեմ:
Ա. Շաբոյանը նշել է, որ Գերմանիայի աջակցությամբ Հանձնաժողովը ներկայումս իրականացնում է երկու ծրագիր, որոնցից մեկը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), իսկ մյուսը՝ ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ:
Նշենք, որ ԵՄ Թվինինգ ծրագրի համակողմ գործընկերներն են Գերմանիան եւ Լիտվան:
Անդրադառնալով «GIZ» -ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը բարձր գնահատեց այն ջանքերը, որ ներդրվել են Հայաստանում՝ մրցակցության պաշտպանության աջակցության գործում:
«GIZ»-ը բավականին արդյունավետ աշխատանքներ է իրականացնում: Կարեւորում եմ ծրագրի ճկունությունը եւ այն, որ ծրագիրը միշտ համահունչ է արդի խնդիրներին: Բացի այդ, «GIZ»-ը մշտապես հետեւողական է կատարված ծրագրերի արդյունքների նկատմամբ» - նշել է Շաբոյանը:
«GIZ»-ի ներկայացուցիչները փաստել են Հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը եւ հայտարարել, որ պատրաստ են ոչ միայն շարունակելու այն, այլ նաեւ ընդլայնելու իրականացվող ծրագրերը:




























