Բանակում մարդու իրավունքները խախտվում են` սկսած զորակոչից, այնուհետեւ բուն ծառայության ժամանակ եւ անգամ զորացրումից հետո: Այդ մասին «Իրավիճակը հայկական բանակում» թեմայով քննարկմանը հայտնել է իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

«Կոնգրես» հյուրանոցում կայացած լայն քննարկմանը մասնակցել են իրավապաշտպաններ, փաստաբաններ, պաշտպանության նախարարության եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչներ, ռազմական փորձագետներ, ազատամարտիկ, նաեւ խաղաղ պայմաններում զոհված մի քանի զինծառայողների հարազատները: «Շատ կարեւոր է, որ սեւազգեստների վերջին երթից հետո լրատվամիջոցները լայնորեն լուսաբանեցին` ընդգրկելով ամենատարբեր անձանց: Կան մի քանի խնդիրներ, որ կուզենայի ձեր ուշադրությանը ներկայացնել»,- նշեց Սաքունցը` զինված ուժերում մարդու իրավունքների խնդիրը բաժանելով երեք մասի. «Առաջինը, դա զորակոչի գործընթացն է, երկրորդը` ինքնին զինծառայության ընթացքում մարդու իրավունքների պաշտպանության վիճակը, երրորդը` զորացրվելուց հետո զինծառայողների պաշտպանվածության ապահովում»:

Իրավապաշտպանի խոսքով, այսօր մեկ խնդիր է դրված համալրել զինված ուժերը մարդկային թվաքանակով: «Սովետական այդ սիստեմը, որ կար, դրված է նաեւ հիմա, ամեն գնով ապահովել մարդաքանակ»,- ասաց Սաքունցը: Վերջինս նաեւ ներկայացրել է բանակում առկա մյուս խնդիրները` մասնավորապես ընդգծելով կոռուպցիայի խնդիրը:  Իրավապաշտպանը զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության համար օրախնդիր է համարում զինվորական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը. «Արդեն օրախնդիր է այդ հարցը, դա պետք է լինի լուրջ կառույց եւ աշխատի քաղաքացիական կազմակերպությունների վերահսկողության տակ»:Քննարկմանը ելույթ ունեցան նաեւ փաստաբաններ Սեդա Սաֆարյանը, Մուշեղ Շուշանյանն ու Վահե Գրիգորյանը, որոնք առարկայական դեպքերով ներկայացրին մարդու իրավունքների խախտման դեպքերը, եւ զոհված զինծառայողների մահվան հանգամանքների քննության ընթացքում կատարված իրավախախտումները: