Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 14-ին  այցելել է Կոտայքի մարզում գտնվող «Փոքր Մհեր» կրթահամալիր, որը ռազմագիտության եւ ռազմահայրենասիրության բնագավառում մասնագիտացված ծրագրեր իրականացնող պետական հանրակրթական ուսումնական հաստատություն է: 

Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ հանրապետության ղեկավարը ծանոթացել է կրթահամալիրի նորակառույց ռազմամարզական ուսումնական կենտրոնի հնարավորություններին, ինչպես նաեւ իր նախորդ այցից հետո ուսումնական այս հաստատության պայմանների բարելավմանն ուղղված հանձնարարականների կատարման ընթացքին: Նախագահը ՀՀ կրթության եւ գիտության, պաշտպանության նախարարների ու կրթօջախի ղեկավարության հետ խորհրդակցության ընթացքում քննարկել է «Փոքր Մհեր»-ի ընթացիկ խնդիրները եւ զարգացման ծրագրերը: 

Սերժ Սարգսյանը դիտել է կրթահամալիրի սաների մասնակցությամբ ռազմամարզական վարժությունները, ներկա գտնվել ուսումնական այս հաստատութուն նոր ընդունված սաների երդման արարողությանը, որը եզրափակվել է հանդիսավոր քայլերթով: Երկրի ղեկավարը նաեւ զրուցել է երդման արարողությանը հրավիրված կրթահամալիրի սաների ծնողների ու հարազատների հետ: