Երեւանի Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նոյեմբերի 7-ին կկայանա «Տարվա լավագույն ապրանքանիշ» համաժողովրդական քվեարկությամբ ազգային մրցանակաբաշխությունը, որը զուգորդվելու է համերգային շոու-ծրագրով: Այս մասին այսօր` սեպտեմբերի 15-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան-Արցախ-Սփյուռք» համահայկական կազմակերպության երեւանյան գրասենյակի ղեկավար Աստղիկ Խաչատրյանը:
Նրա խոսքով` սա բացառիկ հնարավորություն է, քանի որ սպառողն ինքը պետք է ընտրի, թե որ տեղական արտադրանքի օգտին քվեարկել: «Սոցիոմետր» սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը նշեց, որ կարեւոր է, որ նոմինանտներն ունենան կորպորատիվ պատասխանատվություն եւ սոցիալական փաթեթ: Սրանով կազմակերպիչները ցանկանում են խթանել ընկերությունների կողմից սոցիալական փաթեթների համակարգի ամրապնդումը: Նրա խոսքով` հնարավոր է, որ մրցանակաբաշխության ցանկն ընդլայնվի եւ ներկայացվեն նաեւ լավագույն հանրային ծառայողները` մարզպետներ, քաղաքապետներ եւ այլք:
NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ի՞նչ միջոցներով է իրականացվելու մրցանակաբաշխությունը, Ադիբեկյանը պատասխանեց. «Նոմինանտների ներդրումների եւ հովանավորների»: Ընդ որում, նրա խոսքով`հովանավորները չպետք է հավակնեն որեւէ նոմինացիայի: Ի դեպ, նա նշեց, որ նախագծին արձագանքել են նաեւ խոշոր գործարարներ, օրինակ` Երեւանի կոնյակի գործարանը:
Մրցանակաբաշխության բյուջեն դեռեւս հայտնի չէ:Նշենք, որ լավագույն ապրանքանիշներն ընտրվելու են սոցիլոգիական հարցումների, ֆոկուս-խմբերի եւ լաբորատոր ստուգումների տվյալների հիման վրա: Հարցումներ են իրականացվել Երեւանի, Աբովյանի, Վանաձորի, Գյումրիի եւ այլ քաղաքների 1600 ընտանիքների շրջանում: Մրցանակաբաշխությանն ընդգրկված է 50 ոլորտ եւ բազմաթիվ անվանակարգեր: Աստղիկ Խաչատրյանի խոսքով` ուսումնասիրությունները շարունակվում են, իսկ նախագիծը դառնալու է ամենամյա:




























