Տարեցտարի բանակում տեղի ունեցող արտակարգ պատահարների թիվը նվազում է: Այսօր` սեպտեմբերի 15-ին նման հայտարարություն արեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ումից կառավարության  նիստից հետո պարզաբանումներ խնդրեցին բողոքի ակցիա իրականացնող զոհված զինվորների ծնողները: « Թեեւ յուրաքանչյուր թիվը ցավ է մեզ համար, յուրաքանչյուր մարդու կյանքը մեզ համար ողբերգություն է, բայց հրապարակավ կարող եմ ասել, որ այդ թիվը նվազում է»,- նշեց Ս. Օհանյանը:

Նա նաեւ հերքեց այն տեղեկատվությունը, որ բանակում 1994 թ. մինչ այսօր 1500 զինվորի սպանություն է եղել: Զոհվածների ծնողները պաշտպանության նախարարին բողոքեցին, որ դատավարության ընթացքն իրենց չի բավարարում: Օրինակ, բանակում զոհված Արտակ Նազարյանի մայրն ասաց, որ ըստ տեղազննության եզրակացության` որդին, իբր, ինքնասպան է եղել խրամատում, այնինչ մարմինը տեղադրել են 300 մետր վերեւ, ժայռաբեկորին հենված, ավտոմատը բերանում, ընդ որում փամփուշտը չի գտնվել:

Բացի այդ` դատավարությունն ընթանում է Բերդում, սակայն ամեն անգամ, երբ ծնողները ծախսեր կատարելով հասնում են Բերդ, դատը անհիմն պատճառաբանություններով հետաձգվում է: Ս. Օհանյանը պատասխանեց, որ հատուկ գրություն է ստորագրել, որպեսզի դատավարության վայրը տեղափոխվի Երեւան: Մեկ այլ ծնող էլ բողոքեց, թե ինչպես կարող էր իր «ինքնասպան եղած» որդին կտրել իր ականջը:Ս. Օհանյանի պարզաբանմամբ` բոլոր դեպքերն էլ արդար լուծումներ կստանան, իսկ զինդատախազն ու պաշտպանության փոխնախարարը հետեւողականորեն հետեւում են այդ գործընթացին:

«Բանակում անպատժելիության մթնոլորտ չի եղել, ու այսօր էլ չկա: Որեւիցէ մի դեպք հնարավոր չէ թաքցնել, որ անպատժելի լինի: Բոլորն էլ հարուցված քրեական գործի շրջանակներում իրենց իրավական տույժն են ստանում, իսկ եթե քրեական շրջանակներում չեն, ապա ադմինիստրատիվ տույժ են ստանում, ընդհուպ մինչեւ բանակից հեռացնելը»,- ասաց Ս. Օհանյանը: