Հայաստանի ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր` սեպտեմբերի 15-ին, կառավարության նիկստից հետո հայտնվեց բողոքի ակցիա իրականացնող կրպակատերերի շրջօղակում: Նրանք ոստիկանապետից խնդրեցին պաշտպանել իրենց շահերի, կամ էլ, առնվազն, կարմիր բերետավորներին չուղարկել կրպակները ապամոնտաժելու համար:
Ոստիկանապետը, բնականաբար, բացառեց քաղաքապետի «գործերին» միջամտելու հնարավորությունը, սակայն հայտնեց իր «անձնական» կարծիքը այդ գործընթացի վերաբերյալ: «Ես իմ կարծիքն արդեն ասել եմ` հարկավոր է փուլ-փուլ, կամաց-կամաց այդ գործընթացն անել, ես կոնկրետ մի քիչ ավելի սահուն կանեի, բայց քաղաքապետն իրա խնդիրներն ունի, ես էլ իմ խնդիրներն ունեմ: Սա կարելի էր անել 3-4 տարի առաջ, ոչ թե էսօր, մի քիչ ուշացել ենք, կամ մի որոշ ժամանակ անց, որ մարդիկ կամաց-կամաց հասկանային, որ սա տեղափոխելու խնդիր ունեն, 1-2 տարում տեղափոխեին: Կարծում եմ` մի քիչ «ռեզկի» ա, բայց այնուամենայնիվ քաղաքի շահերից ա բխում: Քաղաքի գեղեցկացման համար ա, հազար տեսակի հարցեր կան, մարդիկ են գալիս…»,- ասաց Ա. Սարգսյանը:
Կրպակատերերը խնդրեցին նաեւ` կարմիր բերետավորներին չուղարկել իրենց մոտ, քանի որ քաղաքապետարանը «դրանով է վախեցնում»: «Դուք մի վախեցեք, դուք ձեր քաղաքացիական իրավունքին վերաբերող հարցերով ոչ ոստիկանից վախեցեք, ոչ էլ որեւիցե մեկից: Իմ ոստիկանը հայտնվում է այն պահին, երբ կարգուկանոնը պահպանելու խնդիր կա, միջամտում է այն պահին, երբ 2 քաղաքացիներ իրենց հարաբերությունները ճշտելիս անցնում են ձեռքի կամ հայհոյանքի կամ տուրոդմփոցի: Մի վախեցեք, խնդրում եմ, կարմիր բերետավորներից, դուք ինձանից էլ չպիտի վախենաք, ես ով եմ, որ ինձանից վախենաք»,- ասաց ոստիկանապետը:


























