Գյումրիի մի շարք ՀԿ-ների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներից կազմված խումբն այսօր` սեպտեմբերի 15-ի առավոտյան, այցելել է «Թռչկանի» ջրվեժի տարածք, պարզելու համար, թե արդյոք այնտեղ շինարարական աշխատանքներ կատարվո՞ւմ են, թե` ոչ: «Շիրակ Կենտրոնից» NEWS.am-ին հայտնում են, որ բնապահպանական դեսանտային խմբի անդամների պատմելով` իրենց այցելության ժամանակ ջրվեժի տարածքում ոչ ոք չի եղել, ինչպես նաեւ որեւէ շինարարական աշխատանքներ չէին կատարվում: Այդ տարածքում շինարարական տեխնիկա նույնպես չի եղել, սակայն ջրվեժի մոտակա տարածքում առկա էր հողա-ճանապարհային թարմ հետքեր, ինչը վկայում է, որ դեպի ջրվեժ փորձ է արվել ճանապարհ բացել հավանաբար շինարարական տեխնիկա տեղափոխելու նպատակով:Խմբի անդամների «Թռչկանի» ջրվեժի այցելության մասին առավել մանրամասն ներկայացվում է «Շիրակ կենտրոն» ՀԿ կողմից պատրաստված տեսանյութում, որը կարող եք դիտել ԱՅՍՏԵՂ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Հայաստանի բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը կարգադրել է ամեն բան անել, որ կատարվող շինարարության արդյունքում չվնասվի Թռչկան ջրվեժը: Նույն խնդրի առնչությամբ, Գյումրիի մի շարք կազմակերպություններ պահանջագիր են ներկայացրել ՀՀ վարչապետին, Բնապահպանության նախարարին, Շիրակի մարզպետին ու Լոռիի մարզպետին, որտեղ պահանջում են «Թռչկան» ջրվեժը ներառել է Հայաստանի Բնության հուշարձաների ցանկի մեջ, որպես ջրագրական հուշարձան:




























