«Շիրակ կենտրոն» ՀԿ-ն, այսօր` սեպտեմբերի 15-ին, եւս մեկ դիմում-ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին, առաջարկելով աղետի գոտում բնակարանների բաշխման ժամանակ մեկ ժամանակավոր կացարան տնօրինող բազմանդամ ընտանիքներին եւս առանց տնակը քանդելու նոր բնակարանը սեփականաշնորելու հնարավորություն ընձեռել:
Դիմում-ուղերձում մասնավորապես ասվում է, որ կառավարության 2011 թ. ապրիլի 14-ի նիստում որոշվել է գոտու բազմաբնակարան շենքերից բնակարան ստացած բազմանդամ ընտանիքներին հնարավորություն տալ մեկից ավելի տնակներ զբաղեցնելու դեպքում դրանցից մեկը բնակությունից չազատել եւ չքանդել, ինչը դրական ազդեցություն է ունեցել բազմաթիվ բազմանդամ ընտանիքների բնակարանային պայմանները բարելավելու, այնպես էլ Մուշ-2 թաղամասի բնակեցումն արագացնելու հարցում:
«Սակայն այդ փոփոխություններում անտեսվել են այն ընտանիքների շահերն ու իրավունքները, որոնք թեեւ բազմանդամ են, սակայն չեն տնօրինում մեկից ավելի տնակ, ուստի նրանց կողմից տնօրինվող տնակները ենթակա են ամբողջովին քանդման: Մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ այդ բազմանդամ ընտանիքները մի կերպ բնակվել են միեւնույն ժամանակավոր կացարանում կամ ընտանիքի անդամների մի մասը երկար տարիներ բնակվել է վարձով բնակարաններում:
Ներկայումս, երբ ընթանում է նախորդ տարի Մուշ-2 թաղամասում բնակարաններ ստացած ընտանիքների կողմից ժամանակավոր կացարաններից տարածքների ազատման եւ նոր բնակարանների սեփականաշնորման գործընթացը, մեր դիտարկումները ցույց են տալիս, որ անլուծելի խնդրի առաջ են կանգնել բազմանդամ, սակայն մեկ տնակ տնօրինող տասնյակ ընտանիքներ, որոնք, մեծ ցանկության դեպքում անգամ, պարզապես չեն կարող բնակվել մեկ բնակարանում, իսկ նրանց նոր բնակարանները սեփականաշնորել չի թույալատրվում, քանի որ չեն քանդել իրենց տնակները:
Պարոն վարչապետ, պարոն նախարար
Դիմում ենք Ձեզ` ակնկալելով, որ եւս մեկ անգամ կնախաձեռնեք փոփոխություններ կատարել աղետի գոտում բնակարանների բաշխման կարգը սահմանող որոշումներում եւ իրենց նոր ստացած բնակարանները սեփականաշնորհելու հնավորություն կընձեռվի նաեւ այն բազմանդամ ընտանիքներին, որոնք տնօրինում են ընդամենը մեկ տնակ: Այդ քայլով որոշ չափով կբարելավվեն նրանց կացարանային պայմանները, ինչպես նաեւ հավասար հնարավորություններ կտրամադրվեն բազմանդամ բոլոր ընտանիքներին»,- ասված է «Շիրակ Կենտրոնի» հայտարարության մեջ:




























