Ադրբեջանի պաշտոնյաները պնդում են, թե պատրաստ են ընդունել «Եվրատեսիլ -2012»-ի բոլոր հյուրերին, այդ թվում`սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներին, սակայն նրանք, ովքեր ծանոթ են ադրբեջանական հասարակությունում նույնասեռականների նկատմամբ վերաբերմունքին, կասկածի տակ են դնում այդ փաստը, հաղորդում է BBC-ին:

Ադրբեջանցի իրավապաշտպանների պնդմամբ, այնտեղ նույնասեռականությանն ավելի վատ են վերաբերվում, քան մամնավաճառությանը:

«Եթե ընտանիքը որոշել է սպանել նույնասեռական հարազատին, ապա մարդկանց մեծ մասը հավանություն կտա այդ որոշմանը: Ես շատ պատմություններ եմ լսել նույնասեռականների ինքնասպանությունների մասին»,-նշել է իրավապաշտպան Յադիգար Սադիկովը:

Հայ եւ ադրբեջանցի նույնասեռականների հարաբերությունների մասին գրքի հեղինակ Ալիշեր Ալիեւն էլ կարծիք է հայտնել, որ «Եվրատեսիլ»-ի ժամանակ հազիվ թե  ինչ-որ մեկը անհանգստացնի Բաքու ժամանած օտարերկրացի նույնասեռականներին, սակայն պրովինցիաներում նույնասեռականների համար ոչինչ չի փոխվի, քանի որ հասարակությունը նրանց չի ընդունում:

Նկարիչ Բաբի Բադալովը, ով վերջերս Ֆրանսիայում քաղաքական ապաստան է ստացել, պնդում է, որ Ադրբեջանում խախտվում են բոլորի իրավունքները, եւ նույնասեռականները բացառություն չեն: «Ես կասկածում եմ, որ կարող եմ ապրել մինչ այն պահը, երբ իմ երկիրը ժամանակակից աշխարհի մաս կդառնա», -բրիտանական  BBC-ին ասել է Բադալովը: