Երեւանի քաղաքապետարանը մշակել է «Սիթի տուր» երթուղային ծրագիր, որի մեկնարկը կտրվի ՀՀ անկախության 20 րդ տարեդարձի շրջանակում նախատեսված միջոցառումներին նախօրյակին:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը հնարավորություն է ընձեռելու շրջել Երեւանով, տեսնել քաղաքի պատմամշակութային վայրերն ու հուշարձան-կոթողները: Այդ նպատակով արդեն ձեռք են բերվել 2 մեծ ավտոբուսներ: Երկժամյա տեւողությամբ տուրերը կմեկնարկեն սեպտեմբերի 17-ին, ամեն օր ժամը 11:00-ից սկսած մինչեւ 20:00-ն` Երեւանի ֆրանսիայի հրապարակից:
Մինչեւ 7 տարեկան երեխաները կսպասարկվեն անվճար, իսկ տեղեկությունները քաղաքի հուշարձանների եւ մշակութային օջախների մասին հասանելի կլինեն 5 լեզուներով: Ավտոբուսային տուրերը կունենան 8 կանգառ, ընդ որում, «Սիթի տուր»-ի տոմսն ուժի մեջ է լինելու 4 ժամ, այսինքն ուղեւորին կնձեռվի նախընտրած կանգառում ավելի երկար մնալու եւ երթուղին հաջորդ ավտոբուսով շարունակելու հնարավորություն: Ի դեպ, քաղաքապետարանի կողմից առաջին անգամ մշակվել եւ տպագրվել են զբոսաշրջիկների համար նախատեսված ուղեցույցներ: Դրանցից մեկը տեղեկատվական է եւ պարունակում է համապարփակ տեղեկություններ մայրաքաղաքի մասին, մյուսը`ֆոտո ուղեցույց է:




























