Հայաստանում կանանց պարտադիր զինվորական ծառայության մասին խոսք անգամ լինել չի կարող. դա կամավոր հիմունքների վրա է եւ որոշակի պայմանների լրացման դեպքում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի խորհրդարանի պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը` մեկնաբանելով սեպտեմբերի 14-ին կայացած «Իրավիճակը հայկական բանակում» քննարկմանը հնչած տեսակետը, թե Հայաստանի բանակում իրավիճակի վատթարացման պատճառներից մեկն էլ բանակում կանանց քիչ ներկայությունն է:

«Ես դեմ չեմ, որ բանակում կանանց թիվն աճի, բայց դեմ եմ որ դա լինի պարտադիր: Մենք չունենք Իսրայելի պես մոտեցում, որ կանայք պետք է պարտադիր ծառայություն կրեն: Բայց նաեւ ներկայացնել, որ միայն կանանց քիչ ներկայությամբ է պատճառաբանվում բացասական իրավիճակը, միամտություն է»,- նշեց Հրայր Կարապետյանը:

Ի դեպ, այդ քննարկմանը, որին մասնակցել են  ՊՆ ներկայացուցիչներ, զինդատախազության ներկայացուցիչներ, իրավապաշտպաններ, փաստաբաններ, առաջարկվել է ավելացնել պայմանագրային զինծառայողների թվաքանակը:

Հրայր Կարապետյանը եւս կողմ է նման մոտեցմանը եւ նշեց, որ այժմ քննարկվում են նման տարբերակներ, եւ երբ քննարկումներն ավարտվեն, հանձնաժողովը կներկայացնի իր նախագիծը: «ՊՆ-ին կից հասարակական պալատի հետ համատեղ կա մտադրություն քննարկում կազմակերպելու, որ իմանանք հասարակության կարծիքը, արդյոք կարելի՞ է կիրառել երկու տիպի ծառայություն` պարտադիր զինվորական եւ պայմանագրային` ավելի երկար ժամկետով»: